Տատյանա Դարբինյան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երեւան, 23 սեպտեմբեր 2025
«Քեզ Մասի՛սն եմ կտակում, որ դու պահես հավիտյան,
Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան»:
Սիլվա Կապուտիկյան
Այս տողերը կտակ են, Ամենայն Հայոց բանաստեղծուհու հոգեցունց կտակը։ Կտակները միայն բառեր չեն. դրանք սերնդից սերունդ փոխանցվող պարտավորություններ են։ Իսկ այսօր մենք կանգնած ենք մի իրականության առաջ, որտեղ այս կտակը վտանգված է։ Արարատը, որը երկարուձիգ դարեր շարունակ եղել է հայության հավերժական խորհրդանիշը, այլևս մեզ չի դիմավորելու Հայաստանի Հանրապետության սահմանները հատելիս։ Այս իրողությունը ես ընկալում եմ որպես ազգային հիշողության ջնջման վտանգավոր ծրագրի առանցքային մաս։
Իսկ ազգային խորհրդանիշ կորցնելը հուշագրական փաստ չէ. դա մեր ազգային ինքնության անվերականգնելի փլուզման սկիզբն է․․․
Այո՛, Արարատը մեր հանրապետության ներկայի սահմանների ներսում չէ, բայց Հայրենիքը չի սահմանափակվում քարտեզներով ու պետական սահմաններով։ Հայրենիքը պատմական հիշողություն է, լեզու, մշակույթ ու խորհրդանիշեր, որոնք մեզ հուշում են՝ ով ենք և որտեղից ենք գալիս։ Եթե մենք մեր հայրենիքի մասին մտածենք միայն ներկայիս սահմանների մեջ, ապա ինքներս մեզ կկտրենք մեր պատմական ակունքներից և կբռնենք ինքնաոչնչացման ճամփան՝ անվերադարձ։
Այսօր մենք ունենք Արագածը՝ նույնքան հզոր ու վեհաշուք լեռ, որով հպարտանում ենք։ Բայց դա երբեք չի նշանակում, որ պետք է մոռանանք Արարատը։ Արագածը մեր ներկան է, իսկ Արարատը՝ մեր անցյալի և գալիքի՝ հիշողության և հավերժության խորհրդանիշը։ Մեր ապագան կլինի ամուր միայն ա՛յն ժամանակ, եթե մեր գիտակցության մեջ զուգահեռ պահենք այս երկուսը՝ ներկայի հպարտությունն ու անցյալի ժառանգությունը։
Ազգային արժեքները պահելը նշանակում է հենց սա՝ չվախենալ մտածել ավելի մեծ, հայոց իրակա՛ն հայրենիքի մասին, քան քարտեզների գծած սահմաններն են։ Մեր իրական ուժը հենց ինքնագիտակցության մեջ է. գիտակցելու, որ մեր պատմությունը չի սկսվում և չի ավարտվում սահմանային անցակետում դրված կնիքով։
Ինձ համար ամենացավալին այն է, որ այս փոփոխությանը ականատես եմ դառնում հենց ես՝ այն սերնդի ներկայացուցիչը, որը դպրոցական տարիներից սովորեց ազգային խորհրդանիշերի մասին։ Մենք մեր դասագրքերում կարդացինք հայ մեծերի ձոները Մասիսին, անգիր արեցինք տողերը նրանց բանաստեղծություններից, որոնց մեջ Արարատը միայն լեռ չէր, այլ հավատքի՛ ու հավերժությա՛ն խորհրդանիշ։ Այդ պատկերով մենք մեծացանք, այդ արժեքներով դաստիարակվեցինք և ապրում ենք այդ խորհրդանիշը մեր էության մասը դարձրած։
Բայց հիմա, ըստ ոմանց կարծիքի ու քարոզչութեան, կարելի է լուռ մոռանա՜լ, կարելի է հաշտվե՜լ։ Իսկ ինչպե՞ս հաշտվել այն բանի հետ, որի վրա է կառուցվել մեր անձնական ու ազգային ինքնությունը, մեր ես-ը։ Ինչպե՞ս ասել «դա կարևոր չէ», երբ այդ «անկարևորի» մեջ մեր հիշողությունն է, մեր լեզուն, մեր ամբողջ հավաքական ես-ը, մեր էությունը, մենք ինքներս ու մեր գալիք սերունդները։
Մենք այն սերունդն ենք, որին ոչ միայն սովորեցրին, այլև հորդորեցին ու նրանից պահանջեցին պահպանել մեր պատմությունը, բայց այսօր մի խումբ անձինք մեզ ստիպում են հաշտվել կորստի հետ։ Եվ այդ հակասությունն է, որ կործանարար է։ Որովհետև եթե հաշտվենք, ուրեմն կորցրել ենք ոչ թե Արարատը, այլև մեր հավատն ու արժանապատվությունը, հարգանքը ինքներս մեր նկատմամբ՝ որպես հայ ազգ։
Ես չե՛մ կարող հաշտվել, և չեմ ուզում դառնալ այն սերունդը, որը լռեց, երբ մեր ամենամեծ խորհրդանիշերը դուրս մղվեցին մեր կյանքի տարածքից։ Մենք իրավունք չունենք դառնալ անտարբեր, որովհետև հենց այդ անտարբերությունն է կործանում ազգերին, ոչ թե երեկվա, այսօրվա կամ վաղվա սահմանային գծերն ու քարտեզները։
Մենք այն սերունդն ենք, որին վստահվել է անցյալի կտակը՝ ՍՐԲԱԶԱՆ ԱՎԱՆԴԸ։ Ու եթե մենք չպահենք դա, վաղվա սերունդը կզրկվի ոչ միայն Արարատից, այլև ինքն իրեն ճանաչելու իրավունքից։
Ուրեմն սա մեր պայքարն է ոչ միայն լեռների, կնիքների կամ խորհրդանիշերի համար, այլև մեր ինքնությա՛ն համար։ Եվ եթե մենք այն պահենք մեր լեզվի, մեր երգի, մեր հիշողության մեջ, ոչ մի սահման և ոչ մի արարած չի կարող այն մեզնից խլել։
*****
2 comments
Այս բոլոր խեղկատակությունները կատարվում են Հայաստանի պետութեան միջոցավ.. ինծի ցաւ պատճառողը նույն ինքն վարչապետի ու իր կնոջ, զաւակներուն անտարբերութիւնն է մեր պատմության ու մշակույթի հետ պատահած վերաբերմունքը իրենց իսկ ծնողքին հրամանովն ու կատարողությամբ… հազար ամօթ իրենց եւ իրենց ծնողքին որ երկիրը կառաջնորդեն դեպի անկում!!!!!! Ողբամ զքեզ հայժողովուրդ որ ամբողջ մեր պատմության ընթացքին չկարողացան զանազանել լավն ու վատը ու ազատ համարձակ այսօր կառաջնորդեն մեր ժողովուրդն ու հայրենիքը դեպի անկում!
“I cannot reconcile, and I do not want to become the generation that remained silent when our greatest symbols were pushed out of our lives. We have no right to become indifferent, because it is this indifference that destroys nations, not the borders and maps of yesterday, today, or tomorrow.”
Beautiful writing, Tatyana – thank you.