Անմիաբան հայը

Լիւսի Տէօքմէճեան, Երևան, 25 օգոստոս 2025

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի քաղաքական, տնտեսական եւ անվտանգային գուցէ աննախադէպ սպառնալիքներու դէմ-յանդիման: Զուգահեռաբար, երկիրը կը դիմագրաւէ նաեւ աւելի տխուր եւ կործանարար իրավիճակ մը՝ հայ ժողովուրդին անմիաբանութիւնը: Իրարու հանդէպ կան անվստահութիւն, կասկածամտութիւն, մեղադրանքներու տարափ։ Ասոնք համատարած դարձած են ոչ միայն Հայաստանի մէջ, այլեւ Սփիւռքի ամբողջ տարածքին։

Վերոնշեալ սպառնալիքներուն դէմ միահամուռ պայքար մղելու փոխարէն, հայ ժողովուրդին վերնախաւը զբաղած է իշխանատենչ կռիւ­ներով եւ պառակտիչ արտայայտութիւններով, իսկ սովորական խաւը կը կրէ այդ արտայայտութիւններուն աւերիչ ազդեցութիւնը, բուռն լարուած է իրարու հանդէպ եւ կասկածանքով կը մօտենայ երկրին մէջ տեղի ունեցող իւրաքանչիւր իրադարձութեան։ Ներքաղաքական մթնոլորտը թունաւորուած է, իսկ հանրային կարծիքը՝ փոխա­դարձ մեղադրանքներով եւ արհամարհանքով ապականուած։

Գէորգ Էմին իր «Զգոյշ խօսիր Հայաստանում» քերթուածին մէջ կը նշէ, թէ բաժան-բաժան եղած, անմիաբան հայը կը միաւորուի երբ կը սպառնայ թշնամին: Բայց այսօրուայ մեր համազգային պատկերը կը պարզէ լրիւ այլ տեսարան: Մենք պառակտուած ենք նոյնիսկ թշնամիին դէմ, նոյնիսկ երբ վտանգուած է մեր հայրենիքին վերջին մնացորդացը՝ Հայաստանի Հանրապետութիւնը, չգիտակցելով որ այդպիսով կը սատարենք մեր պետականու­թեան քայքայման եւ լրջօրէն կը սպառնանք մեր գոյութեան որպէս լիիրաւ պետութիւն։

Հայ ժողովուրդին մէջ գրեթէ բացակայ են այլախոհութիւն եւ կառուցողական քննադատութիւն երեւոյթները. կարծես թէ մէկու մը կամ դէպքի մը կա՛մ կողմ ես, կա՛մ՝ դէմ, կա՛մ համախոհ ես, կա՛մ՝ հակառակորդ։ Սա տհասութիւն մըն է, որ վնասաբեր է ոչ միայն ազգային ու հաւաքական առումով, այլ նաեւ մեր անձնական յարաբերութիւններուն մէջ: Հայաստանի մէջ իւրաքանչիւր ձախողութիւն կամ բացթողում պատրուակ կը հանդիսանայ մեղաւորներ փնտռելու եւ դաւա­ճանի պիտակ կպցնելու, փոխանակ առերեսուելու սխալներուն հետ, զանոնք վերլուծելու եւ անոնցմէ դասեր քաղելու։ Քաղաքական բնագաւառը դարձած է զիրար ոչնչացնելու միտող հակամարտութեան թատերաբեմ, ստիպելով կռիւ տալու թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին ճակատներու վրայ՝ ստեղծուած ճգնաժամերը կառավարելու համար: Սա չ’ենթադրեր համաձայն գտնուիլ քաղաքական բոլոր դիրքորոշումներուն հետ, բայց այն մթնոլորտը որ արդէն քանի մը տարիէ կը տիրէ հայրենաբնակ թէ սփիւռքի հայորդիներուն մէջ, հասած է սարսափելի մակարդակի, այն աստիճանի, որ կը թուի, թէ հայերը իրենք իրենց թշնամին են, իրարու հանդէպ ունին ո՛չ կարեկցանք, ո՛չ հասկացողութիւն, եւ թէ Հայաստանը երկիր մըն է, ուր ժողովուրդին արժանապատուութիւնը ոտնակոխուած է եւ ուր հնարաւոր չէ խաղաղ ու արժանավայել ապրիլ:

Ամէն ինչէն խնդիր սարքելու վատ սովորութիւնը մեզ դարձուցած է անհանդուրժող իրարու նկատմամբ: Եթէ համաշխարհային show business-ի երգչուհիի մը համերգը, ֆութպոլի խաղի մը կայացումը, ճանապարհի պոկուած ասֆալտը, յուշահամալիրի վերանորոգումը, հիւանդոտ ծառի մը հատումն ու նորով փոխարինումը եւ նմանատիպ բաներ զիրար քարկոծելու տեղիք կու տան, զիրա՞ր պիտի չբզկտեն քաղաքական տարբերութիւններու համար: Կառուցողական քննադատութիւնը ողջունելի է, բայց եղածը երբեք այդ չէ, եւ զիրար միայն մեղադրելը որեւէ լաւ բանի չի յանգեցներ. հարկ է զիրար լսել, կառուցողական երկխօսութիւն մշակել ու նպատակային գործել յանուն ընդհանրական շահերու եւ նպատակներու:

Միաբան ըլլալ չի նշանակեր նոյն ձեւով մտածել, այլ կը նշանակէ համախմբուիլ համահայկական նպատակներու շուրջ, Հայրենիքը դասել ամէն ինչէ վեր, հզօրացնել պետականութիւնը եւ ապահովել երկրին ու ժողովուրդին բարեկեցութիւնը։ Հոս Սփիւռքը նոյնպէս ունի պատասխանատւութեան իր բաժինը։ Հեշտ է թերացումները հեռուէն մատնացոյց ընելը, հերոսութիւն չէ սխալները խոշորացոյցով դիտելն ու ամէն ինչ սեւցնելը՝ առանց զանոնք ուղղելու լուծումներ առաջարկելու։ Փոխարէնը հարկաւոր է զօրակցութիւն ցուցաբերել Հայրենիքին։ Իւրաքանչիւրս պարտաւոր է իր բաժին ներդրումն ունենալ անոր հզօրացման՝ հեռու մնալով պատրանքներէ ու ռոմանթիզմով յագեցած մօտեցումէ:

Հետեւաբար, պէտք է վերատեսութեան ենթարկենք մեր մտածելակերպը, խօսքն ու վերաբերմունքը։ Մեր դէմ ցցուած արտաքին սպառնալիքներուն չափ մեզ կը վտանգեն նաեւ մեր պառակտումները, մեր անմիաբանութիւնն ու փառատենչութիւնը։ Հայրենիքը միայն խօսքով ու երգով սիրելու համար չէ։ Հայաստանը «La La land» մը չէ, այլ բազում դժոխքներու մէջէն անցած մեր հոգեհատորն է, որուն պէտք է միշտ գուրգուրանք, նամանաւանդ երբ հիւանդանայ, տկարանայ կամ սխալի, փոխանակ իր վրայ կոխկռտելու ու վէրքերուն վրայ սեղմելու: Անհրաժեշտ են Հայրենիքին հանդէպ անմնացորդ յանձնառութիւն ու նուիրում, որուն անկարելի է հասնիլ առանց հրաժարելու մեր եսասիրութենէն, շահամոլութենէն, մեր մէջ բոյն դրած թարախոտ անմիաբանութենէն, առանց լիարժէք միաւորուելու եւ բոլորիս համայնական տան հանդէպ անշահախնդիր մօտեցում որդեգրելու:

Ա՛յս է մեր գլխաւոր հրամայականը այսօր եւ … ընդմիշտ:

4 comments
  1. Շատ կարևոր անհրաժեշտ և տեղին յօդված է։
    Հարցերի լուծում գտնելը դժվար է, քննադատելը հեշտ։
    Դժբաղդոււթյունը այն է որ հայերս, հրեաներու պես մեր երեխաներուն մանկությունից չենք դաստիարկում որ հայաստանը մեզ համար աշխարհի ամենակաարևոր և ամենաբարձր բանն է։ Պետք է յուրաքանչյուրս դա անենք։
    Հիմա որ խոսքի ազատություն կա ցավալիօրեն մենք մեկնաբանել ենք սանձարձակություն, գռեհիկություն։ Մեր կառավարությունը չսահմանափակեց և արտոնեց որ ով ինչ ուզի ասի, և մեր ժողովուրդը ցույց տվեց և տալիս է իր շնորհքը։
    Դժբախտաբար մեզ հարկավոր է բարեկամ և բաեգործ տիրպետ թե չե կորած ենք։

  2. Ազնուափայլ Օրդ. Լիւսի Տէօքմէճեան,

    Ձեր «Անմիաբան Հայը» յօդուածով ձեր մատը կոտտացող վէրքին վրայ սեղմած էք: Գնահատելի՛:

    Պիտի խնդրէի յաջորդիւ, «Հայը ինչպէ՞ս կրնայ միաբան դառնալ» յօդուածով մը կամ յօդուածաշարքով մը հանդէս գալ, նպատակ ունենալով ստեղծել հարթակ մը, որ դառնայ սկիզբ մեր թարախոտ վէրքը՝ անմիաբանութիւնը բժշկելու եւ անոր բազմացող մանրէներուն ստեղծած անմաքուր, ապականած մթնոլորտը մաքրելու եւ հասցուցած վնասին առջեւ կարմիր լոյս դնելու:

    Յարգանօք՝

    Նշան Պասմաճեան
    Օքլանտ – Նոր Զելանտա

  3. Այս յօդուածը իսկապէս ՜կառուցողական քննադստութիւն՜ է։ Յոյսով եւ կառուցաղակութիւնով ապրիս հայուհի ջան։

  4. Հարգելի Լիւսի Տէօքմէճեան,

    Ողջույն ․․․

    Ձեր հոգատար և անվերապահ հայրենասիրությունը ու մտահոգությունները հասկանալի և չափազանց գնահատելի են։ Բայց ինչպես Արևմուտքը մոտ 200 տարի է որ չի կարողանում (կամ էլ չի ուզում) ճշտել և զանազանել զոհված հայ ազգի իրավիճակը (Victims) համեմատելով Թուրք նախահարձակ ագրեսիվ և ճնշող դահիճների (Perpetrators) հետ, այդպես էլ, ցավոք ձեր հոդվածում, կամա թե ակամա, պահպանողական եղանակով փորձում եք մեղավորներին և անմեղներին մի նժարի մեջ դնել, առանց որոնելու և բացայայտելու այդ հանցավորներին, որ հայ ազգին այս սև օրին հասցրեցին, և օրըստօրե մեր ազգի վիճակը էլ ավելի է վատանում, իր հաշվին ամեն օր նորանոր զիջումներ կատարելով։ Այս բոլորը մեր ազգի շահերին դեմ է և մեր ազգային շահերի հետ չի համընկնում ։

    Հարգելի հայրենակից, պետքէ թացն ու չորը իրարից ջոկել։ Լականն ու վատը, արդարն ու անարդարը չտարբերելը, և նրանց միջև խտրություն չդնելը, առնվազն տեղեկատվության պակասի, միամտության և թյուրիմացության արդյունք է:

    Հայ ազգի, հայրենասեր դասը թե հայրենիքում և թե սփյուռքում բոլոր իրենց ցավալի անհամաձայնություներով հանդերձ ներկա իշխանության հետևյալ կետերի հետ համաձայն չեն և երբեք էլ դրանց հետ չեն հաշտվելու, ինչպիսին է (1) Արցախի հանձնումը, (2) Ցեղասպանության ուրացումը, (3) Հայկական հողերի նվիրումը, (4) Հայ գերիների մոռացումը, (5) Անկախ հայաստանի, Սյունիքի հողից օտարին տրամադրելը և այլն․․․

    Յուրաքանչյուր հայրենասեր հայ, այս օտարի շահերը հետապնդող իշխանության վերը նշված կենսակկան կետերի հետ չի կարող համաձայն լինել այժմ և հավիտյանս ։

    Հարգելի հայրենակից, դավաճանությունը հո պոզով-պոչով չի լինում։

    Այս իշխանության գրեթե բոլոր գործունեությունները մեր ազգային շահերին հակասում են։ Նիկոլի իշխանությունը սպառվել է և էլ անելիք չունի ու պետք է կամավոր գնա կամ էլ ժողովրդի կողմից պաշտոնանկ լինի որ հայ ազգը Ասորիք չդառնա։

    ԱՄՆ

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Ոչ Սրբազան Պակտ

Սամվել Հովասափյան, Բեռլին, Մայիս 2010 Վերջին ժամանակներս նկատում ենք հայ ժողովրդի կյանքում աննախադեպ մի երևույթ, դա Հայաստանի իշխանությունների…
Read More