Մեր հոգու մարմնավորված երկրաչափությունը

Անուշ Գասպարյան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երևան, 27 նոյեմբեր 2025

Օրերս առիթ ունեցա ներկա գտնվելու Հայաստանի ազգային գրադարանի բաց դասախոսություններից մեկին՝ արվեստաբան Ռուբեն Մալայանի ելույթին։ Գրադարանում սովորաբար մարդաշատ չէ, կամ էլ՝ միշտ նույն դեմքերն են։ Այս անգամ այլ էր. դահլիճը լեփ-լեցուն էր, և աշխատակիցներից մեկը ոգևորված նշեց՝ չորս տարվա մեջ առաջին անգամն է, որ հյուրերն ավելի շատ են, քան սեփական անձնակազմը։ Տարբեր տարիքի, տարբեր մասնագիտության մարդիկ էին եկել՝ լսելու մի թեմա, որի մասին մենք սովորաբար չենք մտածում, հայկական գեղագրություն։

Բանախոսում էր արվեստաբան Ռուբեն Մալայանը հայ գեղագիտության թեմայով։ Այո՛, նա եկել էր խնդիրների մեծ պաշարով և չբանախոսեց պարզապես արվեստի մի ճյուղի մասին, այլ փորձեց հյուրերին հասցնել իր գլխավոր մտահոգությունը, իսկ նա մտահոգված էր այն հարցով, որ հայ գեղագրությունը զարգացած չէ։ Թեև ավելի քան 15 դար է ունենք սեփական ազգային գիրը, դեռ անհիշելի ժամանակներից զարգացնում ենք գրավոր մշակույթը (ըստ նրա ուսումնասիրությունների՝ պատմությանը հայտնի առաջին նամակը գրվել է Շումերների ու Արատտայի թագավորությունների տիրակալների միջև), բայց այսօր չունենք գեղագրության բավարար նմուշներ։

Առաջին անգամ այս խնդրին պարոն Մալայանը բախվել է այն ժամանակ, երբ նրան դիմել են գեղագրության հանրագիտարանի հայերեն էջերի նյութը ստեղծելու համար, և սեփական գիտելիքները, հմտությունները հղկելու համար նա փորձել է գտնել նմուշներ ու չի գտել դրանք անգամ Մատենադարանում։ Իսկ ինչու՞ է այդպես։ Պարոն Մալայանը նշեց, թե ինչի հետ է կապված գեղագրության զարգացումը: Ըստ նրա, դա գործիքները, բովանդակությունն ու մշակույթը ներդաշնակելն է։

Տեղին է հիշատակված Պղատոնի խոսքը, որ գեղագրությունը հոգու մարմնավորված երկրաչափությունն է։ Եթե փորձեմ մեկնաբանել այս խոսքը և հասցնել, թե ես ինչ եմ հասկանում այս մտքի տակ, ապա գրավոր խոսքը իր տեսքով իսկ պետք է կարողանա փոխանցել քո ներքին ապրումները, քո արժեհամակարգը, քո հոգեկերտվածքը։ Նույնությամբ մենք մեր լեզվում կիրառում ենք բառեր, տոնայնություններ և շեշտադրումներ, որոնք կան մեր հոգում։ Սիրում եմ բերել նամուս, վերջերս նաև թասիբ բառերի օրինակը, որոնք երևի ոչ մի լեզվով չենք կարող թարգմանել, բայց այդ բառերով արտահայտում ենք արժեքներ, որ ընկած են մեր ազգի դաստիարակության հիմքում։

Վերադառնալով սահմանմանը՝ նախ քննարկենք գործիքների հարցը։ Ըստ պարոն Մալայանի, հայերեն տառեր չենք կարող գրել հոսուն թանաքով ու վրձնով, որովհետև մեր տառերը լողացող չեն, հստակ են, երբեմն սուր: Իսկ սրա պատճառն այն է, որ մենք քարի ժողովուրդ ենք․․․ մեզնում բազմաթիվ արձանագրություններ են հայտնաբերվել՝ գրված քարերի վրա, վիշապաքարերն են միայն մեզ հատուկ, էլ չասենք մեր մշակութային գանձերի՝ խաչքարերի մասին։

Ինչ վերաբերում է բովանդակությանը և մշակույթին, անկասկած նույնպես ունենք, այն էլ ի՜նչ շքեղ ու ի՜նչ հարուստ։ Այդ դեպքում ո՞րն է պատճառը, ինչու՞ չի ստացվում այս երեքի ներդաշնակումը։ Ահա այստեղ կարևոր է հասկանալ, որ ցանկացած ոլորտի զարգացման հիմքում հասարակության վերաբերմունքն է այդ երևույթի նկատմամաբ։ Ինչպե՞ս ենք վերաբերվում մենք մեր տառերին, մենք մեր լեզվին, որքա՞ն ենք ջանում գրել հավասարաչափ ու կոկիկ։

Անշուշտ, բանախոսության ընթացքում ես շատ ամաչեցի, քանի որ եթե բաց անենք նոթատետրս, կտեսնենք ինչ-որ թանաքի անկանոն հետքեր, որոնք ուղղակի հիշեցնում են հայերեն տառերը, իսկ հայերեն գեղեցիկ գրելու համար ես շատ չնչին ջանք եմ թափել, ինքս ինձ ասելով, որ դե իմ ձեռքը նման բաներին սովոր չէ, ասենք՝ գեղեցիկ նկարել էլ չգիտեմ։

Այստեղ պարոն Մալայանը մեղադրում է ոչ թե աշակերտին, ով դպրոցում սովորել է տառերը և այնուհետև գրել դրանք կոշտ, կոպիտ, այլ համակարգին, որը չի մատուցում այբուբենի գեղեցիկ, օրինակելի տեսակ, վերը նշված ներդաշնակ տեսակը, որը կկարողանա խորհրդանշանի միջոցով փոխանցել մեր հոգու ներսում կատարվող իրողությունները։ Ահա այստեղ համաձայնեցին և իրենց փորձից օրինակով էլ կիսվեցին գրադարանի աշխատակցուհիները, որ ինչ-որ աշխատանքի առիթով հայկական նոր հրատարակության գրքերի տառատեսակներ են համեմատելիս եղել, և արդյունքում երկու նույնը չեն գտել։ Ըստ պարոն Մալայանի՝ պատճառն այն է, որ հատկապես հիմա՝ թվային դարաշրջանում, ձգտում ենք մեր ազգային խորհրդանշանները հարմարեցնել եվրոպական լեզուների գրելաձևին, դրանց կողքին հարմար նայվող դարձնել, երբ հայերեն տառերը ավանդաբար ոչ թե ուղիղ, այլ որոշակի թեքությամբ են գրվել, և այդպես այն ավելի դյուրին է ընթերցվել․․․

Շատ բովանդակալից զրույց ունեցանք, որի շրջանակներում շատ ու շատ ազգային, համամարդկային, պատմական ու արդիական հարցեր քննարկեցինք, սակայն ինձ համար թերևս լավագույն դասը գիրը ևս ազգային ինքնության խորհրդանիշ ընկալելն է։ Ոչ միայն տառն իր արտահայտած գաղափարով, այլ հենց ձեռքի գիրը, որը շատ բան պետք է պատմի մեր ազգի մասին անգամ նրանց, ովքեր չեն կարողանում ընթերցել դրանով գրառված բովանդակությունը։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like