Անուշ Գասպարյան, Երեւան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, 25 նոյեմբեր 2024
Այս անգամ Երևանի մշակութասերները հնարավորություն ունեցան ներկա լինելու այնպիսի միջոցառման, որը միավորում է ռեգգիի և չհնացող դասականի սիրահարներին: Խոսքը «ՍԻՄՖՈՆԻԿ ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱ» համերգի մասին է, որ կայացավ նոյեմբերի 23-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Ամբողջ գաղափարի յուրատիպությունն այն է, որ հայկական սիրված և ճանաչված «Ռեինկարնացիա» խումբը (մենակատար` Ռոլանդ Գասպարյան) իր երգերը կատարում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար` Սերգեյ Սմբատյան): Թվում է, թե սիմֆոնիկ նվագախումբը պետք է ներկայանա միայն մեծ ու շքեղ համերգասրահներում, իր ելույթներին բոլորս պետք է գնանք պաշտոնական զգեստներով, վայելենք դասական երաժշտություն, զգանք հոգևոր բավարարվածություն մեր անցկացրած երեկոյից… Անշուշտ, դա անչափ հետաքրքիր ժամանց է, սակայն 21-րդ դարում, երբ առօրյայում երաժշտություն լսելու համար մեր գրպանում եղած բջջային սարքն էլ բավարար է, ստեղծվում են շատ թեթև, ամենօրյա հումորով համեմված երգեր, ինչն էլ հենց բնորոշ է «Ռեինկարնացիա» խմբին: Գուցե հենց դրա համար է խումբը գրեթե ամեն ընտանիք մտել ու սիրվել:
Գաղափարը առաջին անգամ չէ, որ իրագործվում է․ այս տարվա օգոստոսի 27-ին ևս կայացել է «ՍԻՄՖՈՆԻԿ ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱ» համերգ, բայց՝ Գյումրիում: Հաջողությունը և լսարանի գոհունակությունն այնքան մեծ էին, որ այժմ արդեն մի հսկա դահլիճ է լցվել մարզահամերգային համալիրում՝ վայելելու այս համագործակցությունը:
Դահլիճում ազատ նստատեղեր չկային։ Ոգևորությունն ու սպասումը մեծ էին: Անգամ ուշացողներ եղան, ովքեր տագնապել էին, որ չեն հասցրել լսել առաջին երգը: Կատարվեցին հայտնի, նաև համեմատաբար քիչ տարածում գտած երգեր, սակայն ջերմ կոլորիտով մթնոլորտը շարունակվեց ամբողջ համերգի ընթացքում:
Սա ոչ միայն եղանակ է դասականը առօրյայում ավելի մատչելի ու հասանելի դարձնելու, այլ նաև դասականը սիրողների շրջանում ռեգգի երաժշտության հանդեպ հետաքրքրություն և սեր առաջացնելու։ Դասականի մատչելիությունը մենք տեսնում ենք տարվա ընթացքում հաջողությամբ կայացած մի շարք զանգվածային միջոցառումներով, ինչպիսին են բացօթյա օպերան, բացօթյա բալետը, Սիմֆոնիկ նվագախմբի բացօթյա համերգը Հանրապետության հրապարակում, սակայն հակառակը այնքան էլ հաճախ հանդիպող երևույթ չէ: Գուցե մելոմանների՝ հաճախ երաժշտություն լսող և տարբեր ժանրերով հետաքրքրված երաժշտասերների համար դա այդքան էլ նկատելի չէ, երբ նրանք հաճախ են համատեղում ժանրերը` այս պահին դասական լսելով, հաջորդիվ՝ ջազ և իրենց երաժշտական ժամանցը եզրափակելով հայկական ռաբիսով, սակայն շատ ողջունելի նախաձեռնություն է ժանրերի այսպիսի նորարարական համատեղումը միաժամանակ երկու թիրախային լսարաններ գրավելու տեսանկյունից ևս: Նոր լուծում էր նաև հանդիսատեսներին ինտերակտիվ ձևով ներգրավելը համերգի ամենակարևոր համարի ընտրությանը․ նրանց բաժանվել էին qr–կոդեր, որոնց միջոցով հյուրերը հենց իրենք ընտրեցին, թե խումբը ո՛ր երգը նորից կկատարի:
Մենք դուրս ենք գալիս կաղապարներից, լսարանին ավելի ու ավելի հետաքրքիր առաջարկներ ենք մատուցում, բարձրաճաշակ մշակույթն իսկապես «ամեն մարդու խելքի բանն ենք դարձնում»: Դասական արվեստը հենց այնպես չէ դասական կոչվում, սակայն հասարակության լայն շրջանակների համար դա առաջնային նախընտրելին չէ, չնայած մասնագիտական որակյալ մշակմանը։ Եվ դա բնական է: Նմանօրինակ ստեղծագործական մոտեցումները, համագործակցությունները, երբեմն էլ համարձակ փորձառությունները նպատակ ունեն ոչ միայն ապահովել հանրության պահանջարկը, այլև առաջարկել այլընտրանք: Ցածրորակ արվեստ հրամցնողները հենց այդպես էլ արդարանում են, թե առաջարկում են այն, ինչ պահանջում է հանրության մեծ մասը, սակայն մի՞թե ավելի ողջամիտ չէ հանրությանը որակյալ բովանդակություն մատուցելով ստեղծել այլընտրան․ ոչ թե պահանջարկը ծառայեցնել առաջարկին, այլ փոխել սլաքի ուղղությունը` անշուշտ ստեղծագործական ազատ միջավայր ապահովելով բոլոր ոճերի սիրահարների համար:
Այս համագործակցությունը կամուրջ է ոչ միայն տարբեր ճաշակի տեր մարդկանց, այլև տարբեր սերունդների միջև: Ինչպես ամենասկզբում բնորոշեցի, դասականը երբեք չի հնանում, իսկ երիտասարդները նախընտրում են ավելի թեթև ու ռիթմիկ կատարումները:
Երբ լսում էի ինձ այդքան ծանոթ երգերը, թվում էր, թե չկա մեծ տարբերություն՝ նվագակցում են խմբի կատարողնե՞րը, թե՞ մի ամբողջ նվագախումբ, բայց երգերի ամենաաշխույժ պահերին հնարավոր չէր չնկատել երգերի ավելի հարուստ ու շքեղ հնչողությունը: Հանդիսատեսը շատ աշխուժ էր, բարձր տրամադրությամբ, բոլորը ժպտում էին և կատակում։ Սա ևս դահլիճում տիրող մթնոլորտի շնորհիվ էր:
Այսպիսի համերգներն անմիջական ազդեցություն չունեն մարդկային հարաբերությունների բարելավման, ազգային ինքնության պահպանման կամ մշակութային բարձր չափանիշները ընդունելի դարձնելու հարցերում, քանի որ հյուրերը գալիս են լիցքաթափվելու, առօրյա հոգսերից կտրվելու, հանգստանալու և իրենց սիրելիների հետ հաճելի ժամանակ անցկացնելու: Անմիջական արդյունքը հենց այն է, ինչ յուրաքանչյուր հանդիսական ստանում է, սակայն կողմնակի և ավելի համապարփակ ազդեցությունը որևէ տեղ չի կորչում․ այն հետևանք է շարունակական նախաձեռնությունների, հետևողական և հաշվարկված քայլերի: Նման բովանդակությամբ ամեն համերգ կարող է ծառայել դրական շատ ու շատ նպատակների և իր կաթիլն ավելացնել մեր ընդհանուր նպատակների օվկիանոսում: