Անուշ Գասպարյան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երևան, 28 հոկտեմբեր 2025
Փորձե՛ք մտաբերել, կա՞ն ինչ-որ պետություններ, երկրներ, որոնց մշակույթին դուք իրազեկ եք, գիտեք իրենց կենցաղի, տոների, ավանդույթների մասին. գուցե իրենց ավանդական ուտեստներին եք ծանոթ կամ գոնե լսել եք դրանց մասին։ Այս ամենի կողքին կան մի շարք պետություններ, որոնց մասին գրեթե ոչինչ չգիտեք, անգամ դրոշի գույներն եք դժվարանում մտաբերել։ Առաջին իրավիճակը պետությունների գրագետ իրականացվող փափուկ դիվանագիտության արդյունքն է․ նրանք իրենց ստեղծած արվեստով, իրենց արտադրած տեխնիկական սարքավորումներով, կենցաղային օգտագործման առարկաներով և շատ այլ եղանակներով կարողանում են ապահովել արտաքին աշխարհի հետ շփումը ոչ թե ուղիղ դիվանագիտական, քաղաքական զրույցի, այլ մշակութային հաղորդակցության միջոցով։ Ինչ-որ պետության մասին շատ բաներ գիտենք, իսկ ինչ-որ մեկի մասին ուղղակի մի քանի բան ենք լսել, սա էլ իհարկե կախված է թե՛ տվյալ պետության հնարավորություններից, թե՛ արտաքին քաղաքական ուղղություններից: Գուցե տվյալ պետությունն իր առջև չի դրել նման խնդիր՝ համայն մարդկությանը ներկայանալ իր ավանդույթներով ու սովորույթներով։
Այս ամիս Հայաստանում կայացավ Ճապոնական ֆիլմերի 19-րդ փառատոնը։ Ցուցադրվեցին ճապոնական 3 ֆիլմեր՝ տարբեր օրերի և ժամերի։ Երևանում փառատոնը տևեց 5 oր՝ հոկտեմբերի 13-ից 17-ը, սակայն մեկական ցուցադրում էլ կազմակերպվեց Կապանի ու Դիլիջանի բնակիչների համար։ Փառատոնը կազմակերպել էր Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը։
Ես ներկա էի ցուցադրություններից մեկին Մոսկվա կինոթատրոնում։ Դահլիճը լցված չէր, սակայն չենք էլ կարող ասել, որ դատարկ էր։ Հյուրերին աչքի պոչով զննելով՝ հասկանում էի, որ իրականում շատ տարբեր մարդիկ են հիմա ինձ հետ միասին դիտում այս ֆիլմը։ Երիտասարդ, աշխույժ աղջիկների խումբը գուցե վաղուց է հետաքրքրվում ճապոնական տեսարվեստով և որոշել է բաց չթողնել մեծ պաստառին ճապոնական ժապավեն դիտելու հնարավորությունը, մի քանի աթոռ այն կողմ նստած տարեց տղամարդը գուցե հետևում է լուրերին ու իմացել է նման պաշտոնական ներկայացման մասին, միջին տարիքի կանանց խումբը գուցե որոշել է աշխատանքային ժամից հետո մի փոքր մտերմացնել գործընկերային հարաբերությունները, գուցե ինչ-որ մեկը առաջին անգամ էր ճապոնական ֆիլմ դիտելու, իսկ ոմանք արդեն «մասնագիտացած են» այդ ոլորտում։ Մինչև դիտումը սկսելը դեսպանատան ներկայացուցիչը պատմեց փառատոնի մասին, շնորհակալություն հայտնեց ներկա լինելու համար, մի փոքր ներկայացրեց ֆիլմի թեման ու արդեն դիտեցինք «Շրջագայող սիրտ» կոչվող գործը։

Պատկերացնում եմ, թե որքան տարբեր էր այդ ֆիլմի ազդեցությունը ներկաների վրա։ Չեմ կարող ասել, թե իմ դիտած լավագույն ֆիլմերից էր, կամ որ այդ ֆիլմի միջոցով սկսեցի շատ սիրել Ճապոնիան, կամ էլ որ ինձ հայտնի դարձան ճապոնական պատմության ամենանշանավոր էջերը։ Սովորական մարդկանց պատմություն էր և գուցե բոլոր ազգերի հետ դա կարող էր պատահել, հենց դրա համար էլ հեշտ էր դիտելը, քանի որ մարդկային զգացումների մասին էր: Ֆիլմի հերոսները այցելում էին ճապոնական հայտնի զբոսաշրջային վայրեր, հուշանվերներ ձեռք բերում և միայն այդքանով դիտողի մոտ ստեղծում ճապոնիայի մասին ցանկալի պատկեր։ Նորից եմ կրկնում, որ լավագույն պատկերը չէր, որ կարելի էր ստեղծել մեզ համար՝ որպես այլ մշակույթի կրողների, բայց դա հենց իրական պատկերն է, գուցե այդպիսով մեզ համար սովորական են դարձնում ճապոնական սովորություննները և մոտեցումները։
Միջոցառման սկզբում և վերջում հյուրերին տրվել էին հարցման թերթիկներ, որոնք հասանելի էին նաև առցանց եղանակով։ Թերթիկը ներառում էր ինչպես հյուրի կարծիքն ու տպավորությունը պարզող, այնպես էլ առաջարկներ հավաքագրող հարցեր։ Սա կազմակերպիչներին հնարավորություն կտա վերամշակել իրենց մոտեցումները, այլ կերպ պատրաստվել հաջորդ փառատոնին, քանի որ, ինչպես հասկացանք, այն մեկանգամյա չէ, այլ երկարատև, շարունակական գործընթաց է, որը տարեցտարի բարելավվում է։ Կարևոր է նման հետադարձ կապի հնարավորություն ստեղծելը. գոնե թերթիկը լրացնելու համար այցելուն կրկին մտածում է իր դիտած ֆիլմի մասին, հարցերի ձևակերպումներից ավելիին է տեղեկանում և ավելի է կապվում այն ամենի հետ, ինչն ի վերջո կազմակերպիչները իրենց առջև նպատակ էին դրել փոխանցել հանրույթին։
Ինձ հայտնի են Հայաստանի արտաքին քաղաքականության նման օրինակներ, սակայն դրանք իմ դիտարկմամբ ավելի շատ աշխատում են Սփյուռքի հայության, ոչ թե օտարազգիների ուղղությամբ։ Ինչ վերաբերում է ընտրված թեմաներին, մենք ավելի շատ արծարծում ենք Հայոց ցեղասպանության փաստը, գուցե ինչ-որ չափով նաև Արցախի հարցը, ինչն իհարկե ստուգման կարիք ունի, չեմ կարող վստահ լինել։ Իհարկե, հրաշալի է ունենալ հստակ շեշտադրումներ, այնպիսի թիրախային թեմաներ, որոնց մենք ուզում ենք ամեն դեպքում անդրադառնալ, բոլորին հաղորդակից դարձնել։ Դրա շնորհիվ Հայաստանը պատկերացնում են դարերի պատմություն ունեցող, բազմաթիվ ցավեր ու տանջանքներ անցած, առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած երկիր, իսկ ներկայիս Հայաստանի, ներկայիս հայերի, մեր կյանքի ու բարքի մասին գուցե ոչինչ էլ չգիտեն, կամ էլ գիտեն այնքանով, որքանով դա ներկայացնում են Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ընկերային ցանցերի իրենց էջերում։
Իհարկե պարզ է, որ միջոցների ճիշտ բաշխման տեսանկյունից ավելի կարևոր թեմաները հետևողականորեն են լուսաբանվում, ավելի շատ են արծարծվում և ավելի մեծ ուշադրության են արժանանում, սակայն նույն ընկերային ցանցերը կամ մեր հանդեսի նման առցանց հարթակները հրաշալի այլընտրանք են մեր մասին ավելի իրական, ավելի մարդկային, ավելի այժմեական հարցեր շատերին հայտնի դարձնելու համար։ Մեզնից է կախված, թե օտարները որքանով մեզ կհասկանան, քանի որ չնայած նրան, որ մենք հիմա ազգային ցավ ենք ապրում, ամեն դեպքում դա մարդկային ցավ էլ է, այն իր մեջ նաև զուտ մարդկային զգացումներ է պարունակում, որոնց մասին կարելի է այնպիսի տոնայնությամբ ու շեշտադրմամբ խոսել, որ որեևե ազգի ներկայացուցիչ մարդու հասկանալի լինի անգամ մեր ազգային ցավը։ Նա չի զգա, բայց կճանաչի ու կհասկանա․․․