Երևան դարձած իմ Էրեբունի

Անուշ Գասպարյան, Երևան , ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, 25 հոկտեմբեր 2024

Երևանի տոնը միշտ էլ սպասված է եղել բոլոր հայերի համար, ոչ միայն երևանաբնակների։ Եթե նայենք շատ խոր արմատներին, կպարզվի, թե «բնիկ» երևանցիներն այդքան էլ շատ չեն և թե Երևանի բնակիչների հիմնական մասը «եկվորներ» են։ Սակայն սա բացատրելի երևույթ է, չէ՞ որ խոսքը մայրաքաղաքի մասին է, որտեղ կենտրոնացված են երկրի կառավարումը, մեծ ընկերությունները, բարձրագույն ուսումնական հաստատությունների ու մշակութային կենտրոնների մեծ մասը՝ թանգարան, կինո, պատկերասրահ, թատրոն․․․ Ի՜նչ ասես: Իհա՛րկե բոլորս էլ շատ ուրախ կլինեինք, եթե մարզերն էլ նույն թափով զարգանային, բայց այսօր դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել, այլ Երևանի, մեր Երևանի, մեր Մայր քաղաքի։

Երևանի տոնը նշվում է հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը։ Քաղաքապետարանը այս անգամ նոր ու հետաքրքրական լուծում էր գտել․ բացի նրանից, որ Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում մեծ համերգ էր կազմակերպվել, որի ընթացքում հանդես եկան երևանցիների սիրելի կատարողները, օրվա ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում հնչում էր որևէ ժանրի երաժշտություն հենց ա՛յդ ուղղության սիրահարների համար, մասնավորապես՝ ջազ, ռոք, էստրադա և դասական երաժշտություն։ Դժվար թե ինչ-որ մեկը հոկտեմբերի 13-ին Երևանի կենտրոնով քայլելիս (թեկուզ պատահական) չհայտնվեր համերգ վայելող ամբոխի մեջ։ Այսպիսի բազմազանությունը և լայն ընտրությունը զգալիորեն ավելի շատ մարդկանց է ներգրավում, փողոց դուրս բերում։ Այդ օրվա ելույթները ժամանցային–մշակութային ցնցուղ էր բոլորի համար, նա թարմացրեց, լիցքաթափեց շատ շատերին․․․ Բայց պետք է անկեղծ լինեմ և խոսեմ, այս բոլոր հաճելի խոսքերի կողքին, հարցի մյուս կողմի մասին ։

Միջոցառումները, իրոք, բարձր մակարդակի էին․ ելույթ էին ունենում մեր օրերի թերևս լավագույն աստղերը, միջավայրը տոնական էր։ Բայց անձամբ ես այդ օրը ամաչեցի, որ երբեք Էրեբունի թանգարանում չեմ եղել։ Այո՛, ամաչեցի, վատ զգացի, որ եկել եմ համերգ լսելու, բայց ալարում եմ գնալ տեսնելու Էրեբունիի միջնաբերդը, որտեղից էլ սկսվել է այս ամենը, առանց որի այս ամենը ուղղակի չէին լինի։ Մենք սիրում ենք խոսել արմատներից, պատմությունից դաս քաղելուց, հայ թագավորներից, անցյալից, չբացահայտված, գաղտնի մնացած առեղծվածներից, որոնց մասին պատմագիտությունը դեռևս լռում է․․․ Մենք ունենք բացառիկ հնարավորություն անմիջականորեն շփվելու մ․թ․ա․ 8-րդ դարի պատմության ու մշակույթի հետ, բայց գերադասում ենք մեր ժամանակի մեծագույն մասն անցկացնել նորակառույց սրճարաններում, գեղեցիկ և հայտնի վայրերում, որոնք, այո՛, Երևան են, բայց ոչ առաջին էջը, որտեղից պիտի սկսենք կարդալ շքեղ պատկերներով զարդարված այս մատյանը։ Այ պատկերացրե՛ք, թե ի՜նչ հետաքրքիր կլիներ, եթե այս համերգները կազմակերպեին Էրեբունի ամրոցի մոտակայքում, թանգարանում բաց դռների օր հայտարարեին և խրախուսեին բնակիչների ու հյուրերի այցելությունը, բեմից պատմեին հետաքրքիր, կարևոր, ռազմավարական փաստեր Էրեբունի–Երևանի մասին՝ կոչ անելով գնահատել այս բերդը՝ որպես պատմական գանձ, որպես ժառանգություն, որպես մեր դարավոր պատմության վկա, այլ ոչ թե անդադար շեշտել 2806 թիվը ու այն փաստը, որ Երևանը Հռոմից հին է։ Լավ հիշեցի, երևի չկա Հայաստանում մեկը, ով չի առնչվել այս փաստի հետ (կա՛մ կարդացել, կա՛մ լսել, կա՛մ ինչ-որ մեկին ասել)։ Շատ լավ, հին է, հետո ի՞նչ, ի՞նչ է տալիս մեզ այդ փաստը։ Մի՞թե ինչ-որ տեղ գրված է, թե քաղաքն ինչքան հին է, այնքան լավն է, այնքան ուժեղ է, այնքան հանգստավետ է, այնքան ընդունելի է կամ չգիտեմ էլ ինչ․․․ Նույն կերպ անիմաստ և անհիմն շահարկման թեմա է դարձել առաջին քրիստոնյա երկիր լինելը, ասես դրանով փաստում ենք մեր ավելի հավատավոր, ավելի «լավ» քրիստոնյա լինելը։ Այո՛, սրանք փաստեր են, պատմության մեջ արձանագրված թվականներ, բայց դրանք պետք է մեջբերել որպես փաստ, այլ ոչ թե փաստարկ, երբ ուզում ենք խոսել մեր որակի մասին։ Վստահ եմ, ավելի ծանրակշիռ փաստարկներ կան մեզ «լավը» համարելու, քան Երևանի՝ Հռոմից հին քաղաք կամ Հայաստանի՝ առաջին քրիստոնյա պետությունը լինելն է։

Ինչևէ, շեղվեցինք բուն նյութից․․․ Երևանը․․․ Էրեբունին․․․ Ես ամաչեցի, բայց ամոթով չմնացի, և այս ամիս այցելեցի Էրեբունի ամրոց։ Էրեբունի փողոցով բլրին մոտենալիս շունչս պահած նայում էի վեր խոյացող քանդակներին, բլրի գագաթ բարձրացող աստիճաններին, գիտակցում, որ պատմության՝ տարիներ շարունակ կարդացածս դասագրքերում հիշատակված Էրեբունին, Արգիշտին եղել են այստեղ․․․ Ցուցանմուշների մոտ կանգնում ու երկար նայում էի, ուշադիր զննում ամեն եզրը, ասես հմայված լինեի նախնիների շնչով և փառքով։ Ամրոցի պատերին նստած նայում էի Արայի լեռանը, այսօրվա Երևանին, ագահորեն շնչում օդը, պատկերացնում, թե քանի՜-քանիսը ամրոցի հարևանությամբ ապրելով երբեք չեն այցելել թանգարան։

Աշխատակիցները ինձ բարևում էին ժպիտով։ Տեսնելով, որ ամեն ինչ լուսանկարում եմ, հարցնում էին արդյոք այստեղ՝ Հայաստանո՞ւմ եմ ապրում, թե՞ զբոսաշրջիկ եմ։ Ցավալի է, իսկապես ցավալի է, որ ամրոց այցելում են գլխավորապես զբոսաշրջիկները, իսկ մենք մեր ունեցածի արժեքը չենք էլ գիտակցում։ Ամրոցի պատերին մեր օրերի վանդալիզմի հետքեր կային՝ գրություններ, նկարներ, որոնք ծածկում էին պատերի վրայի ուրարտական զարդանախշերը։ Էլ ի՞նչ հայրենասիրության, ազգային արժեքների մասին ենք խոսում, երբ այս դրությունն է։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են հաջողացրել մեծ գրվածքներ թողնել պատերին, երբ թանգարանը արգելոց–թանգարան է կոչվում, բարբարոսները ենթարկվե՞լ են արդյոք պատասխանատվության։ Մենք ավերում ենք մեր հուշարձանները, մեր փողոցները, մեր դասագրքերը, բայց հետո կանգնում ու բարձր ամբիոններից խոսում ենք արժեքների, դրանց պահպանության ու պաշտպանության մասին, մեղադրում թշնամուն մեր մշակութային ժառանգությունը յուրացնելու, աղավաղելու կամ ոչնչացնելու համար։ Ի՞նչ ենք անում, չեմ հասկանում, ինչի՞ մեջ ենք ապրում, եթե անգամ մեր շենքերի շքամուտքերում ենք անհարիր գրվածքներ ու գծանկարներ թողնում, էլ չասած աղբի ու գարշահոտության մասին․․․

Սա հոգու ճիչ էր, սա մեր վարդագույն քաղաքամայր Երևանի համար սրտի ցավ էր։ Եկե՛ք դառնանք սերունդ, ով թույլ չի տա, որ այս ամենը շարունակվի, ով հոգ կտանի այս տաքուկ քաղաքի մասին, այս տաքո՜ւկ-տաքո՜ւկ Հայրենիքի մասին։ Երևանը միայն ցոփ ու շվայտ կյանքի քաղաք չէ, միայն մինչև ուշ գիշեր խնջույքների վայր չէ, միայն կիլոմետրեր ձգվող խցանումների կույտ չէ, միայն աղբամաններից թափվող աղբի փաստ չէ․․․ Երևանը արևի լույսի, ուրախ ծիծաղի, հարուստ ճարտարապետության, մշակութային անցուդարձի, սիրո, ընկերության, պայքարի, հզորանալու, աճելու կենտրոն է։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like