Սա Հայաստա՞ն է, թէ՞…

Գեւորգ Նաթալի, 21 Դեկտեմբեր 2022

Սա Հայաստա՞ն է, թէ՞ Ռուսաստանի Դաշնութեան կուպեռնիա (նահանգ) կամ իր պետական լեզուն անգլերէնը հռչակած ափրիկեան երկիր…

Արտասովոր նմոյշները նկարահանուած են Երեւանի Աբովեան փողոցի վերջաւորութեան, Արամի փողոցի հետ խաչմերուկին, Հանրապետութեան հրապարակէն ընդամէնը 50 մեթր անդին:

Ակադեմիայի համալիրէն մինչեւ Հանրապետութեան հրապարակ բազմաթիւ նման օտարալեզու որմազդներ տեղադրուած են:

Այս եւ նմանօրինակ որմազդները կը խախտեն առնուազն երկու հասարակական եւ օրինական պահանջ.

– Պատահած ամէն տեղ փակցուած ըլլալով՝ կ’աղաւաղեն մայրաքաղաքին տեսքը:

– Կը խախտեն Սահմանադրութեան՝ պետական լեզուին վերաբերող յօդուածին եւ Լեզուի օրէնքին պահանջները:

Դեռ կան շատեր, որոնք կը խախտեն հայկական աւանդոյթներն ու բարոյականութեան հայկական ըմբռնումները՝ դաջուածքներու (tatoo) ծանուցումներ, սատանայական երաժշտութեան «համերգ»ներու ազդեր, երաժշտական կամ այլ հակամշակոյթի խումբերու այլանդակ ու սատանայական անուններ (որպէս կանոն՝ լատինատառ կամ անգլերէն՝ Divahar, Underground, The Demons, Lord of the Hell, The Butcher of Paradise…):

ՀՀ-ի մէջ կա՞ն իրաւասու պետական մարմիններ այս խախտումները կասեցնելու համար՝ Երեւանի քաղաքապետարան, Լեզուի պետական կոմիտէ, Ազգային անվտանգութեան ծառայութիւն, ոստիկանութիւն…

Իսկ ո՞ւր կը նային եւ ի՞նչ կ’ընեն Հայ Առաքելական Եկեղեցոյ «հոգեւոր հովիւ»ներն ու օրնիբուն ազգային արժէքներէ շաղակրատող վայ-մտաւորականները, թէ՞ այս պղծումներուն դէմ պայքարը զիրենք չի հետաքրքրեր, քանի որ «մէջը փող չկայ»…

ՀՀ ԿԳՄՍ Լեզվի պետական կոմիտեի նախագահ պր Դավիթ Գյուրջինյանին,
Հարգարժան պարոն Գյուրջինյան,
Ուկրաինայում ընթացող պատերազմով պայմանավորված տասնյակ հազարավոր ռուսների ՀՀ ներհոսքը ունեցավ, ունենում է ու հավանաբար դեռ որոշ ժամանակ ունենալու է դրական հետեւանքներ մեր հանրապետության համար: Դրանց կողքին սակայն, ականատես ու ականջալուր ենք դառնում նաեւ բացասական հետեւանքների, որոնցից մեկն էլ ՀՀ-ում հայոց լեզվի հերթական հոշոտմանն է վերաբերում:
Արդարեւ, ՀՀ ժամանած օտարազգիները իրենց ԲՈԼՈՐ, շեշտում եմ՝ ԲՈԼՈՐ որմազդերը, միջոցառումների տոմսերն ու դրանց ծրագրերը տպագրում են մեծ մասամբ ռուսերեն, երբեմն՝ անգլերեն կամ անգլերենախառն ռուսերեն: Հայոց լեզվի ոչ մեկ նշույլ կգտնեք այդ տպագիր նյութերում:
Համոզվելու համար բավարար է գնալ Հայաստանի պատմության պետական թանգարանի եւ պետական պատկերասրահի շենքի հետնամասը եւ Արամի փողոցի՝ Գրականության եւ արվեստի թանգարանի դիմացի կողմն ընթացող շինարարության արգելապատնեշների վրա կտեսնեք ՌՈՒՍԵՐԵՆ կամ ՌՈՒՍԵՐԵՆԱԽԱՌՆ ԱՆԳԼԵՐԵՆ ՏԱՍՆՅԱԿ որմազդներ: Նույնպիսի այլանդակ փաստեր կգտնեք Երեւանի կենտրոնի ուրիշ փողոցներում եւս:
Հարկավոր է զգուշացնել ոչ միայն օրինախախտներին, այլեւ այդ միջոցառումների անցկացման վայրերի (թատրոններ, համերգասրահներ, հյուրանոցների սրահներ եւ այլն) պատասխանատուներին՝ ՀՀ լեզվական օրենսդրության  խախտումների անթույլատրելիության մասին:
Ինքս ինձ իրավունք եմ վերապահում հայոց լեզուն իր իսկ հայրենիքում անպատվողների այս նյութերը ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ու ՑՈՒՑԱԴՐԱԲԱՐ պատառոտելու եւ աղբանոց գցելու, ինչպես դա արեցի այսօր հետմիջօրեին՝ վերեւը նշված փողոցում: Հարկ եղավ իմ արարքը արգելել փորձող ոստիկաններին բացատրել, որ եթե իրենք կոչված են պահպանելու հանրային անդորրն ու անվտանգությունը, ես էլ, նաեւ ՅՈՒՐԱՔԱՉՅՈՒՐ ՈՔ, իբրեւ լեզվական «ոստիկան», իրավունք ունենք պատժելու լեզվական օրինախախտներին եւ Գրողի ծո՛ցն ուղարկելու այդ խախտումների փաստերն ու դրանք կատարողները:
Ակնկալում եմ Լեզվի պետական կոմիտեի համապատասխան քայլերը՝ այս ամոթալի նոր երեւույթին շարունակումը բացառելու ուղղությամբ:
Լավագույն մաղթանքներով՝
Գեւորգ Նաթալի (Յազըճյան)
Երեւան, 5 դեկտեմբեր 2022
Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like