Հայաստան. երրորդ ուժին սպասելիս…

Արեգ Արամենց, Երևան, 4 հոկտեմբեր 2024

Հայ հասարակությունը ցանկանում է տեսնել քաղաքական նոր դեմքեր և նոր ուժեր: Ձանձրացրել են բոլորը՝ թե՛ «նախկին» և թե՛ ներկայիս իշխանավորները:

 Հայկական աղբյուրների վկայությամբ՝ վերջին շրջանում բավականին մեծ լսարան ունեցող տելեգրամյան ալիքներում և այլ աղբյուրներում պարբերաբար կազմակերպվում են առցանց հարցախույզներ, որոնց նպատակն է բացահայտել հայաստանյան հասարակության տրամադրությունները ներկայիս քաղաքական գործընթացների և նախասիրությունների վերաբերյալ:

Նման հարցախույզներ վերջերս կազմակերպել են GALLUP International Association ամերիկյան հիմնարկի հայաստանյան ներկայացուցիչ Էմ Փի Ջի-ն և ռուսամետ կողմնորոշմամբ աչքի ընկնող «Վերելք» (Verelq) կառույցը:

Ամփոփելով ուսումնասիրությունների արդյունքները՝ նշյալ կազմակերպությունների փորձագետներն արձանագրել և հաստատել են, որ հայ հասարակության մեծամասնությունը այլընտրանքային՝ երրորդ ուժի ձևավորման անհրաժեշտություն է տեսնում, և հենց այդ փաստն է արտացոլվում վերոնշյալ հարցախույզների մեջ: Ուշագրավն այն է, որ թե՛ ամերիկյան հիմնարկի հայաստանյան ներկայացուցիչը, թե՛ ռուսամետ շեշտադրումներով առանձնացող կառույցը հանգել են նույն եզրակացության, ինչը բավականին հազվագյուտ երևույթ է աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում:

Ավելի մանրամասն դիտարկենք նրանց անցկացրած հարցախույզների արդյունքները:

«Վերելք»ի փորձագետների խոսքերով՝ «իհարկե, առցանց հարցումները չեն կարող ամբողջությամբ արտացոլել իրերի ներկա վիճակը, բայց եթե հարցվողների թիվը գերազանցում է 26.000-ը, ապա ստացված տվյալներին թերևս կարելի է վստահել»:

Եվ այսպես՝ ի՞նչ են նրանք արձանագրել:

«Վերելք»ի պնդմամբ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ճամբարի հավաքած ձայների 4 տոկոսը կայուն է և կազմում է անփոփոխ կորիզը նրա կողմնակիցների, որոնք չեն դավաճանում տերպետրոսյանական Հայ ազգային կոնգրեսին: Տեղական ինքնակառավարման մարմինների Ալավերդու վերջին ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ը հավաքեց ձայների ընդամենը 2 տոկոսը, բայց հենց այդ ուժի մեկ մանդատից ու համախմբում (կոալիցիա) կազմելու պատրաստակամությունից էր երկար ժամանակ կախված, թե ի վերջո ով է ղեկավարելու համայնքը:

Չնայած խորհրդարանում ներկայացվածությանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ղեկավարած «Հայաստան» դաշինքի նկատմամբ հասարակության մեջ դեռևս առկա է որոշակի դժգոհություն՝ կապված ընդդիմադիր դաշտում դաշինքի աշխուժության հետ: Երևանի ավագանու ընտրություններին «Հայաստան»ի օգտին քվեարկել է քաղաքացիների 15,47 տոկոսը: Նշենք, որ «Հայաստան» դաշինքում ընդգրկված է նաև ՀՅԴ-ն, որի շարքերում վերջին երկու տարիներին ամենից եռանդունը Իշխան Սաղաթելյանն է, ով մշտական ջանքեր է գործադրում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թեև վերջին շրջանում նկատելիորեն աշխուժացել է, պարբերաբար կարճ հարցազրույցներ է տալիս դատարանի բակում, հանդիպումներ կազմակերպում իր ղեկավարած ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի գործուն կորիզի հետ, այնուամենայնիվ, նա չի կարողանում վարկանիշի աճ արձանագրել, ինչը նաև արտացոլվում է հարցված քաղաքացիների պատասխաններում:

Ըստ հարցախույզների՝ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հավաքած 5 տոկոսը լավագույնս արտացոլում է հասարակության մեծամասնության դժգոհությունը իշխանական քաղաքական խմբի վարած ներքին և հատկապես արտաքին քաղաքականությունից, Արցախի հանձնումից, տված խոստումները չկատարելուց և փտածության (կոռուպցիա) դեմ պայքարի նմանակումից:

Ուշադրության է արժանի հարցախույզների նաև այն կետը, որը վերաբերում է Հայաստանի ռազմական ոստիկանության նախկին քննիչ, «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի քաղաքական երևույթին: Ըստ «Վերելք»ի, «Ղուկասյանը բավականին լուրջ տեղեկատվական դերասան է, ով ԱՄՆ-ում համակարգչի առջև նստած, կարող է մրցակցել պետական լրատվամիջոցների հետ: Նրա հայտարարությունները հաճախ կցվում են տարբեր քրեական գործերի կամ հիմք են դառնում ինչ-որ մեկի նկատմամբ քրեական գործեր հարուցելու համար: Պատահական չէ, որ Ղուկասյանի բացահայտումների շնորհիվ Երևանի ավագանու վերջին ընտրություններում Դոգի գլխավորած կուսակցությունը հավաքեց ձայների 9,68 տոկոսը»:

«Այս և վերջին շրջանում անցկացված մի շարք այլ հարցախույզներ բացահայտում են հայ հասարակության մեծ մասի ակնկալիքներն ու իղձերը: Արդեն կասկած չի հարուցում այն փաստը, որ բնակչության շուրջ 83 տոկոսը չի վստահում թե՛ նախկին իշխանության ներկայացուցիչներին, թե՛ գործող քաղաքական խմբավորման: Ակնհայտ է, որ հասարակությունը ցանկանում է ասպարեզում տեսնել նոր, երրորդ ուժ՝ նո՛ր դեմքերով, նո՛ր գաղափարներով ու ծրագրերով: Միայն նման ուժի ձևավորման դեպքում հնարավոր կլինի խոսել հասարակության տարբեր շերտերի համախմբման և Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման մասին»,– արձանագրում են «Վերելք»ի փորձագետները:

Իսկ ի՞նչ արդյունքներ է արձանագրել GALLUP International Association ամերիկյան հիմնարկի հայաստանյան ներկայացուցիչ Էմ Փի Ջի-ն:

Այդ կառույցի ղեկավար Արամ Նավասարդյանի վկայությամբ, վերջին հարցախույզների տվյալներով՝ «ՀՀ քաղաքական դաշտը, ըստ էության, հոգեվարքի մեջ է, որովհետև ընդդիմադիր ուժերն ունեն բավականին ցածր վարկանիշ: Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» խմբակցությունն ունի մոտ 5 տոկոս վարկանիշ: Նույնքան ունի ԴՕԿ կուսակցությունը` Վարդան Ղուկասյանը («ԴՈԳ»-ը վերածվել է «ԴՕԿ» կուսակցության): 1,5 տոկոս ցածր վարկանիշ ունի Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ»-ը: Մյուս կուսակցություններն ունեն ավելի քիչ ձայներ»:

Ըստ Նավասարդյանի՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի 14,4 տոկոս: «Բայց պետք է մի բան հաշվի առնել. իշխանություն եղած բոլոր քաղաքական ուժերը իրենց իշխանության ժամանակահատվածում մշտապես ունեն առնվազն 8–10 տոկոս կայուն ձայներ, որոնք գալիս են ոստիկանությունից, բանակից, Պետական եկամուտների կոմիտեից և պետական այլ կառույցներից: Եթե այդ 8–10 տոկոսն անտեսենք, ապա ստացվում է, որ ունենք գրեթե հավասար վարկանիշ ունեցող քաղաքական երեք ուժեր` ՔՊ, «Հայաստան» դաշինք և ԴՕԿ: Երեքն էլ ունեն 5–7 տոկոս ձայն, այն պարագայում, եթե ՔՊ-ն չլինի իշխանություն»,– նշել է Արամ Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է Բագրատ արք. Գալստանյանի ղեկավարած շարժմանը, ապա Էմ Փի Ջի-ի ղեկավարի պնդմամբ՝ «Բագրատ սրբազանի մասին մայիսին հարցում անցկացրինք: Դա եռանդուն ժամանակաշրջան էր, և այդ փուլում սրբազանի վարկանիշը բավականին բարձր էր. 50 տոկոսից ավելին դրական էր վերաբերվում շարժմանը: Բայց երկու ամիս անց նրա վարկանիշն էլ բավականին իջավ, դրական վերաբերմունքը փոխվեց, ինչը կապված էր նրա կրավորականության (պասիվության) հետ»:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արք. Աջապահյանի կարծիքով, Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման անհաջողության հիմնական պատճառը երկրորդ ու երրորդ նախագահների ուրվականն է. հենց այդ պատճառով Գալստանյանի վարկանիշը նկատելի անկում ապրեց:

Էմ Փի Ջի-ի ղեկավարի համոզմամբ՝ ընդհանրապես բոլոր կուսակցությունների վարկանիշն է ընկել. «Քաղաքական դաշտը հոգեվարքի և փնտրտուքների մեջ է: Մեր հասարակության շուրջ 75 տոկոսը չի տեսնում այն ուժին կամ այն գաղափարները, որոնց համար արժե պայքարել և գնալ այդ ամենի հետևից: Այս առումով պետք չէ մեղադրել հանրությանը, քաղաքացիներին ասել, որ նրանք կրավորական են և ձայն չեն տալիս այս կամ այն ուժին: Հայաստանում կա մոտ 100 կուսակցություն, բայց նրանք այնքան տկար են, որ, փաստորեն, չեն կարողանում ձևակերպել այն արտադրանքը, որը կարող է հետաքրքրել հանրությանը, որին կվստահեն մարդիկ: Դրա մեղավորը մեր քաղաքացիները չեն, մեղավորը կուսակցություններն են: Իհարկե, մարդիկ պետք է լինեն առավել գործուն և պահանջատեր, բայց եթե քաղաքական ուժերը չեն կարողանում ձևավորել այն միտքը, գաղափարը, տեսլականը, որը հանրության տարբեր խավեր ցանկանում են տեսնել, ուրեմն խնդիրը կուսակցությունների մեջ է: Պետք է լինեն քաղաքական տարբեր ուժեր, որոնք կունենան տարբեր գաղափարներ և տեսլականներ: Պետք են իրատեսական ծրագրեր, որոնց ծանոթանալով՝ հանրությունը կցուցաբերի աշխուժություն»:

Մեր կողմից ավելացնենք, որ այս տխուր պատկերը և «նախկինների» վարկանիշի կտրուկ անկումը, որքան էլ տարօրինակ հնչի, պետք է մտահոգի առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով: Եթե ոչ-հեռավոր անցյալում նա հաջողում էր անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքել վախեցնելով հասարակությանը «նախկինների» վերադարձով ու խաղարկելով «սև-սպիտակ» պարզունակ առասպելը, ապա հիմա այդ բեմագրությունը (սցենարը) չի աշխատում վերը նշված պատճառներով: Առաջացել է մի իրավիճակ, երբ տեղին է հիշել Հիսուսյան ընկերության (ջիզվիտներ) հիմնադիր Իգնասիո դե Լոյոլայի հայտնի ասացվածքը. «Ամենավտանգավոր թշնամին թշնամիների բացակայությունն է»: Քաղաքական դատարկությունը անպայման լցնելու են «ոչ-նախկին», չվարկաբեկված ուժեր, ինչից հետո Նիկոլ Փաշինյանի դրությանը, մեղմ ասած, չես նախանձի: Իսկ այդ ուժերի պահանջարկը հայ հասարակության մեջ, ներկա դրությամբ, շատ-շատ մեծ է…

*****

2 comments
  1. Մենք ունենք իսկական ընդդիմադիր ազգային֊ազատագրական հայրենասիրական շարժում՝ԱԺԲ(Սասնա Ծռեր), ով միակ ուժն ա, որին արգելափակված են մեդիաներում, որովհետև սարսափում են և նախկինները և ներկաները, քանի որ գիտեն հայտնվելու են Հայաստանի նյուրենբերգյան դատարանում 30 տարի կատարած իրենց փալանի և հանցագործությունների համար. տվեք նրանց մեդիայում ներկայանալու հնարավորություն կտեսնեք իսկական 3֊րդ ուժին՝ ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա, հոկտեմբերի 12֊ին բոլորս դեպի ազատության հրապարակ մասնակցելու ԱԺԲ֊ի հանրահավաքին տխրահռչակ կարսի պայմանագրի տարելիցին ընդառաջ՝կեցց՝ե ԱԺԲ֊ն, իսկական ընդդիմադիր 3֊րդ ուժը:

  2. Only 3 days remain until the Sasna Dzerer’s planned Rally on October 12. Three days only, and the Truth will be revealed. It all depends on the Budget of the event: is everyone informed about How Much Money shall one receive for his/her participation in the Rally? Is that amount More, Equal or Less than what all other Rally organisers are paying? “To Pay or Not to Pay, this is the question”. The answer will be clear in 3 days…

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Ոչ Սրբազան Պակտ

Սամվել Հովասափյան, Բեռլին, Մայիս 2010 Վերջին ժամանակներս նկատում ենք հայ ժողովրդի կյանքում աննախադեպ մի երևույթ, դա Հայաստանի իշխանությունների…
Read More