Գևորգ Յազըճյան, «Արեվելքի փոքրամասնություններ. պատմության կողմից մոռացվածները» հատորի հայերեն թարգմանության խմբագիր և ծանոթագրող , Երևան, 17 Հոկտեմբեր 2021
Այս գիրքը եթե մի կողմից գիտական ԼՈՒՐՋ աշխատություն է, մյուս կողմից՝ բողոքի ձայն է Մերձավոր Արևելքի տարածաշրջանի բնիկների՝ քրիստոնյաների ու եզդիների հալածանքի նկատմամբ այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհի հանցավոր լռության դիմաց:
Գրքի հեղինակը՝ երիտասարդ և կորովի արևելագետ, միջազգային հարցերի լրագրող Տիգրան Եկավյանը, լինելով Ֆրանսիայի քաղաքացի եւ ֆրանսաբնակ, խիզախությամբ ամբաստանում է նաև Ֆրանսիային ու ֆրանսիացիներին՝ Արևելքի քրիստոնյաների նկատմամբ աններելի անտարբերության համար: Ավելին, անհերքելի փաստերով նա ցույց է տալիս, որ իր պետությունը, ողջ Արևմուտքի հետ, 19-րդ դարու վերջից մասնակիցն է մի դավադրության, որը կարելի է կոչել քրիստոնեության օրրան Արևելքի ամբողջական ապաքրիստոնեացում: Այդ հրեշային ծրագրի ընդամենը մեկ մասնիկն է տարածաշրջանի քրիստոնյաների դեպի արևմտյան երկրներ գաղթի քաջալերումը՝ զանազան հրապուրանքներով: Ավելին, հաճախ այդ կիսաբռնի գաղթը ներկայացվում է իբրև մարդասիրության մեծ քայլ…
Տիգրան Եկավյան թեև չի գրում հենց ի՛ր՝ Արևմուտքի ապաքրիստոնեացման ու դրա ծայր աստիճան վտանգավոր հետևանքների մասին, սակայն գրքի բոլոր էջերում այդ սպառնալիքի ուրվականը դեմ հանդիման է գալիս ընթերցողին: Այլ խոսքով, Եկավյան արևմուտքցիները զգուշացնում է իրենց քաղաքակրթության մոտալուտ վախճանի մասին՝ եթե չսթափվեն ու շարունակեն իրենց անտարբեր վերաբերմունքը Արևելքի քրիստոնյաների ու սեփական ճակատագրի հանդեպ:
Իր այս գրքով հեղինակի հնչեցրած ահազանգը թվում է, թե որոշ ցնցում առաջացրել է. դրա վկայությունն են Եկավյանին «Արևելքի առաքելություն» կազմակերպության մրցանակին արժանացնելը, բազմաթիվ գրախոսականները, Եկավյանի հետ բազմաթիվ պարբերականների, հեռուստատեսությունների և էլեկտրոնային կայքերի հարցազրույցները:
Իբրև իր ազգի նվիրյալ զինվոր քաջ, Արցախյան վերջին 44-օրյա գոյամատի օրերին ու դրանցից հետո, Եկավյան նույն այս շրջանակների մեջ մասնակցեց բազմաթիվ հանդիպումների ու հարցազրոյցների, ունեցավ բանավոր և գրավոր ելույթներ. իր խոսքում, նա հայոց դեմ ադրբեջանա-թուրքա-պակիստանա-իսրայելա-ջիհադական պիղծ դաշինքի հարձակումը ներկայացրեց Մերձավոր Արևելքի ու կից տարածաշրջանը ապաքրիստոնեացնելու և բնիկների բնաջնջելու կամ արտագաղթի մղելու ծիրի մեջ:
Ընդհանուր առմամբ, Տիգրան Եկավյան Մերձավոր Արևելքի բնիկների՝ իրենց բնօրրաններում մնալու և գոյատևելու ելքը տեսնում է քրիստոնյաներ-չափավոր իսլամներ քաղաքավար երկխոսության և քրիստոնեական համաբնագրային աստվածաբանության մեջ: Այդ հարցերի մասին նա իր տեսակետներն է հայտնում գրքի վերջին հատվածում: Ինձ համար հարցական է սակայն, թե այդ երկխոսությունը մի՞թե հնարավոր է հայությունը բնաջնջել կամ, առնվազն, արմատախիլ անել ծրագրած թուրքերի հետ… Պատասխանս միանշանակ բացասական է: Նույնը կարող ենք ասել տարածաշրջանի սուննի մուսուլմանների մասին, որոնց զգալի տոկոսը այսօր վարակված է անհանդուրժողության, սուննի իսլամից բացի մյուս կրոններին ու հարանվանություններին հիմնովին մերժելու, նրանց իրենց բնօրրաններում իսկ բնաջնջելու կամ տարածաշրջանից հեռացնելու թույնով: Հետևաբար, հարկավոր և կենսականորեն անհրաժեշտ է անհապաղ որոնել ու գտնել հավասարից հավասար երկխոսության այլընտրանքներ՝ չբացառելով նույնիսկ ուժայինները:
Դա է պարտադրում գոյակռվի տրամաբանությունը:
Տիգրան Եկավյանի կենսագրութիւնը
Տիգրան Եկավյանը ծնվել է Փարիզում՝ 1984-ին: Հասակ է առել Պորտուգալիայում, հաճախել Լիսաբոնի ֆրանսիական լիցեյը, որն ավարտելուց հետո բարձրագույն կրթությունն ստացել է Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, ապա Արևելյան լեզուների ինստիտուտում (ԻՆԱԼԿՈ): Մասնագիտական դասընթացների է հետևել Դամասկոսի պետական և Կասլիկի (Լիբանան) Սեն Ժոզեֆ համալսարաններում: Քաղաքագիտության մագիստրոս է, Մերձավոր և Միջին Արևելքի քաղաքական ժամանակակից հարցերի մասնագետ:
Տիգրան Եկավյանը բազմաթիվ հոդվածներով և գրախոսություններով հանդես է եկել ֆրանսիական և ֆրանսահայկական պարբերականներում: 2019-ին Փարիզի «Ռոշեր» հրատարակչությունը լույս է ընծայել նրա հեղինակած «Արևելքի փոքրամասնությունները. պատմության կողմից մոռացվածները» ֆրանսերեն մենագրությունը:
Ներկայիս Տ. Եկավյանը Ֆրանսիայի հետախուզական հետազոտությունների կենտրոնի (CF2R) գիտաշխատող է և «Conflits» («Հակամարտություններ») աշխարհաքաղաքական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ: Զուգահեռաբար՝ շարունակում է հրապարակումներ լույս ընծայել պարբերական մամուլում:
Keghart.org – Amazon.com-ի միջոցով կարելի է ապահովել Տիգրան Եկավյանի հետեվյալ հատորները՝ Minorités d’Orient: Les oubliés de l’Histoire, Arménie: À l’ombre de la montagne sacrée, Mission, Disaporalogue, L’âme des peuples,Géopolitique de l’Arménie, ևն.