Թշվառների նկարիչը․ Ժանսեմ

Նառա Դանիելյան, Երևան, 23 օգոստոս 2025

Լինում է, որ թախծում եմ,
սակայն իմ բնույթով հոռետես չեմ,
այլ ընդհակառակը։ Բայց եթե խորանաք,
ապա իմ մեջ կտեսնեք խորը վիշտ։
Դա կա ողջ հայ ժողովրդի սրտում։
Ժանսեմ

Հայաստանի ազգային պատկերասրահում հուլիսի 24-ը նշանավորվեց «Ժանսեմ. կենդանի գծի վարպետը» ժամանակավոր ցուցադրության բացմամբ։

Ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժանսեմը (Հովհաննես Միրիջանի Սեմերջյան) ծնվել է 1920 թվականին Օսմանյան կայսրության Իզմիտի (Նիկոմեդիա) նահանգի Սելեոզ բնակավայրում, մետաքսագործի ընտանիքում։ 1922 թվականին ընտանիքը տեղափոխվում է Հունաստան։ Ամուսնու մահից հետո, Ժանսեմի մայրը որդու կոտրված ոտքը բուժելու նպատակով 1931 թվականին մեկնում է Ֆրանսիա, հաստատվում Փարիզի Իսի-լե-Մուլինո արվարձանում։ Ժանսեմը ավարտել է Փարիզի Դեկորատիվ արվեստի բարձրագույն դպրոցը, կատարելագործվել Սաբատիեի արվեստանոցում։ Փարիզի Զարդարվեստի բարձրագույն դպրոցի շրջանավարտ Ժանսեմը 1944 թվականին սկսել է ցուցադրվել Անկախների սրահում՝ «Ջութակահարը» կտավով։ 1950-ականներից արժանացել է մի շարք պարգևների Ֆրանսիայում, եվրոպական այլ երկրներում, Մեքսիկայում։ Ֆրանսիայի նախագահը նրան շնորհել է պետության բարձրագույն պարգևներից մեկը՝ Պատվո լեգեոնի շքանշանը։

Ժանսեմն այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է նրա անվան թանգարան, Ժանսեմի պարագայում՝ մեկից ավելի․ երկու թանգարաններն էլ Ճապոնիայում են։

Ցուցադրությունում ներկայացված է ավելի քան 120 գծանկար աշխատանք, որոնք ի մի են բերում նկարչի 1960-80-ականների ստեղծագործությունների տարբեր շարքեր։ Դրանք նվիրված են պարուհիների, բնորդուհիների, դիմակահանդեսի, իտալական հիշողությունների, ցլամարտի, ինչպես նաև քաղաքային միջավայրին։ Ցուցանմուշներում տեղ են գտել, առավելաբար, մինչ այդ երբևէ չցուցադրված գործեր։ Դրանք ընտրվել են Հայաստանի ազգային պատկերասրահի հարուստ հավաքածուից՝ Ժանսեմի վրձնին պատկանող շուրջ 500 ստեղծագործություններից, որոնք նկարիչն անձամբ է նվիրաբերել իր հայրենիքին։

Ցուցադրության բացման իր խոսքում Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան պարոն Օլիվիե Դըկոտինյին նշեց, որ ցեղասպանությունը վերապրածների ժառանգ Ժանսեմը Ֆրանսիայում գտավ իր երկրորդ հայրենիքը, և այս ցուցահանդեսը Ժանսեմի յուրօրինակ վերադարձն է։ «Կան մարդիկ, որոնց կյանքի ուղին շատ գեղագիտական է և շատ հոգևոր․ Ժանսեմը, ինչպես Կոմիտասը, այդպիսի մարդկանցից է»,– հավելեց նա։

Նոր ցուցադրությունը վաղուց սպասված իրադարձություն էր։ 2005 թվականից սկսած, պարբերաբար, Ժանսեմը շուրջ 500 աշխատանք է նվիրաբերել Հայաստանին։ Այդ նվիրատվությունների ցուցադրությունը ներառվում էր Պատկերասրահի ամենամյա ծրագրերում, սակայն, դա իրականացավ միայն քսան տարի անց՝ Ժանսեմի ծննդյան 105-ամյակի առիթով։

Ժանսեմը շարունակողն է իրեն նախորդող ֆրանսիահայ գծանկարիչներ Էդգար Շահինի, Տիգրան Փոլատի և Հերան Շաբանի գաղափարական ուղու։ Այդ դպրոցն արտացոլում, պատկերում է հասարակության առավել խոցելի, մոռացված ու անտեսված խմբերը՝ աղքատներ, մարմնավաճառներ, կանայք, երեխաներ, ծերեր… Ժանսեմի պատկերների թեմատիկ առանցքում մշտապես եղել են նաև առօրյա կյանքի իրադարձություններն ու երևույթները։

Ժանսեմի պատկերներում մարմինները վտիտ են, մի տեսակ՝ թափանցիկ, դիտորդը զգում է տխրությունն ու վիշտը այդ թշվառների նույնիսկ մաշկի ներսի կողմում։ Ժանսեմի գծերը հիշեցնում են արյունատար անոթներ. նրա վրձնի հարվածների գծերը թրթռուն են, գույները՝ մելամաղձոտ։ Աշխարհի անբեկանելի ճշմարտությունները արվեստագետը ներկայացրել է ընկալելի, շատ հուզական լեզվով։ Այդ լեզուն դրամատիկ է, գուցե ցավեցնող, բայց հուզմունքից առաջացող հավասարակշիռ ալիքը բերում է ինքնաքննության ու ինքնամաքրման։ Ժանսեմը գծերով արտահայտում է մարդկային հավերժական արժեքները։

Ֆրանսիացի արվեստաբանները Ժանսեմին բնութագրել են իբրև «թշվառների նկարիչ» (miserablist)։ «Կորուսյալ հոգիները իրենց ապաստանն են գտել բանաստեղծ-նկարչի մեջ։ Նա կտավին է հանձնել այն, ինչը աշխարհը չկարողացավ տեսնել։ Ժանսեմի նկարները ողջ հայ ժողովրդի հիշողությունն են»,– գրում է գեղարվեստի ֆրանսիացի տեսաբան Շարլ Բլանը։

Ժանսեմը հեղինակ է մոտ 6000 գեղարվեստական աշխատանքի։ Նրանց մեջ հայերիս համար հատկապես հատկանշական է «Եղեռն» ընդհանուր անունը կրող 36 կտավների շարքը։ Գեղանկարիչը 2001 թվականին Հայաստան իր վերջին այցին իր հետ բերել էր դիտողին խորապես տպավորող այդ բացառիկ շարքը։ Նա այդ ստեղծագործությունները նվիրաբերեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, որի առանձին մի սրահում դրանք մշտական ցուցադրության են։

«Ժանսեմ. կենդանի գծի վարպետը» ժամանակավոր ցուցադրության բացմանը ներկա էին ոլորտի պատասխանատուներ, պաշտոնատար անձինք, գեղանկարիչներ, արվեստասերներ։

Հուզական ապրումներով հարուստ ժանսեմյան բացառիկ ցուցադրությունը կգործի մինչև հոկտեմբերի 25-ը։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like