ՀՀ-ը Չի Խառնվում Նույնիսկ Ի՞ր Ներքին Գործերին

Վահրամ Աղաջանյան, «Երրորդ Ուժ Պլյուս»-ի գլխավոր խմբագիր,15 հուլիսի 2014թ.

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Ծառայության (ԱԴԾ-ФСБ) ջանքերով ապօրինաբար փակված հայկական «Երրորդ  Ուժ Պլյուս» թերթի հարցով վերջերս տեղի է ունեցել ֆրանսիական «Լե Մոնդ դիպլոմատիկ» (Le Monde Diplomatique) պարբերականի Տնօրենների խորհրդի հատուկ նիստը:

Հիշեցնենք, որ ФСБ-ի փոխգնդապետ Վադիմ Պոզդիշևը, թերթի ինտերնացիոնալ կոլեկտիվի ֆինանսական միջոցները յուրացնելուց հետո, հեռացվել է ծառայությունից ու ФСБ-ի օգնությամբ տեղավորվել մոսկովյան RBE GROUP ֆիրմայում: Սակայն լրագրողներից գողացված միջոցները այդպես էլ չեն վերադարձվել: Ըստ ամենայնի, հանցագործության հետքերը «քողարկելու» օպերացիան ղեկավարում է անձամբ ФСБ-ի տնօրեն Ա. Բորտնիկովը:

«Երրորդ Ուժ Պլյուս»-ը («ԵՈՒՊ») ֆրանսիական թերթի պաշտոնական ներկայացուցիչն էր Հայաստանում, ինչի պատճաոով նիստի ընթացքում ՌԴ իշխանություններին դիմելու որոշում է կայացվել: 

Այս առնչությամբ «Լե Մոնդ դիպլոմատիկ»-ի Տնօրենիների խորհրդի ներկայացուցիչ տիկին Աննա-Սեսիլ Ռոբերը իր տարակուսանքն է հայտնել Ֆրանսիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Օրլովին. «Մեզ անհայտ պատճառներով պ-ն Պոզդիշևը, ըստ երևույթին, լիակատար վերահսկողության տակ է առել բանկային հաշիվը ու զրկել մեր հայկական պարբերականը իր ֆինանսական ռեսուրսներից»: Նրա խոսքերով, «ԵՈՒՊ» գլխավոր խմբագիրն ու հայկական թերթի կոլեկտիվը բողոքի նամակներ են հղել Վլադիմիր Պուտինին և Դմիտրի Մեդվեդևին, որոնք հանձնարարել են «ՌԴ ՆԳՆ-ին ու ФСБ-ին քննել այս գործը: Բայց մինչ օրս ոչինչ արված չէ»: Տիկին Ռոբերը համոզված է, որ «իրավիճակը լուրջ է, իսկ հայկական թերթի փակումը՝ անարդար ու անօրինական»:

Գրեթե նույն բովանդակությամբ նամակով ՀՀ-ում ՌԴ դեսպան Վոլինկինին դիմել են նաև «ԵՈՒՊ» աշխատակազմի ներկայացուցիչները: Սակայն ռուս դեսպանները, դիվանագիտական «բարձր» պատրաստվածություն ցուցադրելով, մինչ օրս, ինչպես ասում են՝ «ոչ բառաչում են, ոչ ծնում», այլ ուղղակի պահպանում են բութ լռություն, չիմանալով ինչպես պաշտպանել ФСБ-ի հանցագործին: «ԵՈՒՊ» խմբագրության հետ կապվել է միայն Ֆրանսիայում ՌԴ դեսպանատան մամլո քարտուղար Պարինովը, ով ասել է, թե երկար գրել չի կարող, քանի որ աշխատավայրում… Ինտերնետ չունի, իսկ տանը կապից օգտվել չի կարող, որովհետև դժգոհում են… կինն ու մյուս տնեցիները (այս էկզոտիկ անձնավորության նամակները նույնպես պահպանվել են): Միաժամանակ սույն պետական այրը հետաքրքրվել է, թե ինչու լրագրողները նման հարցադրումներով չեն դիմում ՀՀ-ում ՌԴ դեսպանին: Մեկնաբանություննրն այստեղ, կարծում ենք, ավելորդ են:

Չստանալով Փարիզում ՌԴ դեսպանատան պատասխանը, «Լե Մոնդ դիպլոմատիկ» թերթը դիմել է Ֆրանսիայի ԱԳՆ, կոչ անելով նախարարին «ազդեցություն գործել ռուսական իշխանությունների վրա, որպեսզի «Երրորդ Ուժ»-ին հասցված վնասը հատուցվի հնարավորին չափ սեղմ ժամկետներում»: Տիկին Աննա-Սեսիլ Ռոբերը տեղեկացրել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությանը, որ չնայած «ԵՈՒՊ»-ի բազմաթիվ փորձերին, «այս անբացատրելի իրավիճակը շարունակվում է, ինչը սպառնում է մեր հայկական պարբերականին, որը ի վիճակի չէ վերադարձնել սեփական միջոցները»:

Որոշ ժամանակ անց հայկական թերթի խմբագրությանն է դիմել Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչը (կոնկրետ՝ տիկին Էլիզաբեթ Ռոզը), ով խնդրել է ուղարկել ФСБ սպայի մեղքն ապացուցող բոլոր փաստերը:

Իմանալով այդ մասին, ФСБ-ի ղեկավար Ա. Բորտնիկովը, ճշտվող տվյալներով, հապճեպորեն կապվել է ՌԴ ԱԳՆ-ի հետ ու խնդրել այդ գերատեսչությանը շտապ միջոցներ ձեռնարկել ֆրանսիական իշխանությունների կողմից «ԵՈՒՊ» գործի հնարավոր հետաքննությունը չեզոքացնելու ուղղությամբ: Եվ ՌԴ ԱԳՆ, ասում են, արդեն միջոցներ է ձեռնարկում:

Իսկ հայ լրագրողների նկատմամբ ФСБ-ի կողմից իրականացվող անօրինականությունների մասին քաջատեղյակ Հայաստանի ԱԳՆ-ն, ի տարբերություն Ֆրանսիայի ԱԳՆ-ի, պահպանում է քար լռություն: Ֆրանսիայի ԱԳՆ-ն գոնե հետաքրքրվել է հանցագործության փաստով: Մինչդեռ հայ դիվանագետները, որոնք ֆինանսավորվում են ՀՀ հարկատուների հաշվին ու կարծես թե պետք է պաշտպանեն ՀՀ քաղաքացիների, այդ թվում լրագրողների իրավունքները, ծպտուն չեն հանում: Կարծիք կա, որ ՀՀ ԱԳՆ-ի լռությունն առնչվում է այն փաստին, որ Հայաստանը վերածվել է աշխարհի ամենաչեզոք երկրի ու չի խառնվում նույնիսկ իր ներքին գործերին: Մեկ այլ վարկածի համաձայն, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը գիշերները թաքուն բալալայկա է նվագում ու չաստուշկաներ երգում, ուստի չի կարող բողոքել հայ լրագրողներին հետապնդող ռուս չինովնիկների ապօրինի գործողությունների դեմ: Կա, սակայն, ՀՀ ԱԳՆ-ի լռության երրորդ վարկածը: Ճշտվող տեղեկությունների համաձայն, ՀՀ ԱԳՆ-ին Մոսկվայից հրահանգել են ցանկացած գնով լռեցնել «ԵՈՒՊ» շուրջ լրագրողների բողոքներն ու չեզոքացնել ՀՀ և ԼՂՀ իրավապաշտպան ու լրագրողական կազմակերպությոնների հնարավոր հետաքրքրությունն այս հանցագործության հանդեպ: Իրավիճակը ФСБ-ի ու ՀՀ ԱԳՆ-ի համար հեշտանում է նրանով, որ ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի, Հայաստանում ու Ղարաբաղում չկան լրագրողական արհմիություններ, որոնք նման դեպքերում կպաշտպանեին ԶԼՄ-ների իրավունքները: Իսկ բոլորիս հայտնի մամուլի որոշ ակումբներն ու դեկորատիվ բնույթ կրող լրագրողների «միությունները», դատելով այս աղաղակող գործի շուրջ պահպանվող նրանց լռությունից, ըստ երևույթին, վերահսկվում են իշխանությունների կողմից: Նրբագրգիռն այն է, որ նշյալ կառույցները արևմտյան դրամաշնորհներ են ստանում լրագրողների իրավունքները պաշտպանելու համար:

Ամենահետաքրքիրն այն է, որ հայկական պարբերականի անօրինական փակման մասին քաջատեղյակ են նաև ՀՀ և ԼՂՀ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, որոնք, եթե հիշողությունը մեզ չի դավաճանում, ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների, այդ թվում խոսքի և մամուլի ազատության իրավունքի երաշխավորներն են: Դժվար է պատկերացնել մի իրավիճակ, որ, ասենք, Վրաստանի կամ Ադրբեջանի նախագահները հանգիստ հետևվեն վրացական և ադրբեջանական ԶԼՄ-ների նկատմամբ իրականացվող երրորդ պետության իշխանությունների ստոր հաշվեհարդարին:

«ԵՈՒՊ» խմբագրությունը ներկայումս ստուգում է մի տեղեկություն, համաձայն որի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի ու նրա ռուս գործընկերների մասնակցությամբ 2013 թ. դեկտեմբերի 24-ին Մոսկվայում կայացած մի շատ հետաքրքիր ու չափազանց «փակ» նիստից հետո Երևան է հասցվել «ԵՈՒՊ» լրագրողների բողոքը լռեցնելու ФСБ-ի ու ՌԴ նախագահի աշխատակազմի քաղաքական հստակ պատվերը: Որն էլ, ըստ այդ տեղեկության, հիմա իրականացվում է թե Հայաստանում, թե Լեռնային Ղարաբաղում: Ընդ որում՝ հայկական երկու նախագահների վերահսկողությամբ:

Մենք լի ենք ամենահայրենասիրական հույսերով, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը…

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ

«Երրորդ Ուժ Պլյուս»-ի գլխավոր խմբագիր

You May Also Like