ՎԵՐԱԴԱ՞ՐՁ

1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունը

Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել, 9 Ապրիլ 2021

Մի՛ վախեցիր թշնամուց, վատագոյնը նա քեզ կարող է  սպանել, մի՛ վախեցիր բարեկամից , վատագոյնը նա  կը դաւաճանի, այլ վախեցիր անտարբերից, քանզի նրանց լռելեայն մեղսակցութեամբ  են լինում բոլոր դաւաճանութիւններն ու սպանութիւնները : Բորիս Եամինսկի

Դժուար օրեր է ապրում հայութիւնը, մասնաւորապէս մեր հայրենաբնակները, որ չեն կողմնորոշւում, թէ կուռքերից ո՛ր մէկին երկրպագեն կամ ո՛ր միւսին ապաշխարեն: Արդէն երեք տասնամեակ է, որ կացութիւնը նման է հարիւր տարի առաջ Ա․ Հանրապետութեան ստեղծման հետ կապուած մեծ ու փոքր, հասանելի ու անհասանելի լուծումներով յագեցած վիճակին, մանաւանդ քաղաքական դաշտի անկայուն՝ իմա անորոշ կամ խակ որակին:

Պիտի վերլուծութիւն եւ գնահատում չանեմ անցեալի  պատմական իրադարձութիւններին,  միայն թէ այն կարծիքին եմ, որ մեր անյաջողութիւններին երբեմն եղել ենք մեղսակից եւ յամառ ձեւով շարունակում ենք մերժել լայն բանականութիւն եւ տրամաբանական մօտեցում ցուցաբերել հանրութեանը պատկանող մեծ կամ փոքր խնդիրներին:  Մտադիր չեմ անդրադառնալ չարաբաստիկ պարտութեանը եւ նրա հետեւանքներին եւս, նախ որ անհրաժեշտ չեմ համարում եւ  բազում են մեր խոհեմ հայրենակիցները, որ հասկացել եւ հաշտուել են այն մտքի հետ, որ ա՛յն անխուսափելի էր, որքան որ ցաւը մռմռացնող է եւ հայհոյանքով չէ, որ կարելի լինի մի բան շտկել, թէեւ դրա կարիքը ունենք եւ այն կենսակա՛ն է (sic):

Ե՞րբ պիտի հասկանանք, որ ոչ մի տեղ հէնց  էնպէս ոչինչ չի լինում: Ամէն ինչ մի ձեւով պատրաստում եւ յաճախ գաղտնօրէն  գործադրում են բանիմաց կամ դաւադիր մարդիկ: Շատերին է ծանօթ,  թէ ինչպէս ԼՏՊ-ն  Մոսկուայի Բուտիրկա բանտում եղած օրերին ճնշման տակ համաձայնուեց եւ անկարգելով նստեց նախագահի աթոռին (ըստ ինձ հասած տեղեկութեանց) առանց որեւէ ջանք թափելու: Հետեւանքը յայտնի է, երբ բնակիչների մի զանգուած, ներառեալ տնտեսութեան բոլոր տեսակի մասնագէտներ, բռնեցին գաղթի ճամփան, որ համազօր է Մեծ եղեռնին: Յաջորդաբար նոյն աթոռը գրաւեցին իրենց օրրանից փախած զոյգ աւազակները եւ լայն բացեցին իշխանութեան դռները ամէն կարգի թափթփուկ անգրագէտների առջեւ եւ թալանի ցոյց-թամաշան (show) իր ծաղկունքի շրջանը ապրեց: Այս բոլորը նորութիւն չէ եւ գիւտ եւս չէ․ բայց անհասկանալի է, որ ոմանք մոռացել եւ փողոց են ելնում քոչի թեկնածութիւնը պաշտպանելու  իրենց համոզմամբ կամ պիցցայի մի բաժին ունենալու յաւակնութեամբ, բոլոր դէպքերում այդ մեր անառողջ հասարակութեան  ախտանշանն է,  որ խոհեմութիւնն ու ողջամտութիւնը եւ այն վերականգնելու յոյսերը այլեւս մեր մէջ չեն կամ շատ թոյլ են: Ողբա՜մ այս փաստը:

Ինչպէս կարելի է մոռանալ կամ անտեսել, երբ երկրի վարչապետ էին նշանակում Արտաշատ քաղաքի յայտնի աւազակապետին, կամ Երեւանի քաղաքապետ է դառնում քառամեայ կրթութեամբ մէկը քրէական լուրջ անցեալով, իսկ խորհրդարանում պատգամաւորների միջին կրթական մակարդակը տարրականից աւել չէր, բայց ոչ մէկ բողոքի ձայն չհնչեց:    Ո՞ւր էին այսօրուայ փողոց փակողները, որ ամիսներ ի վեր երկու բառ էին սերտել՝ «դաւաճան եւ հրաժարական», որ անձամբ դա համարում եմ իրենց իրաւունքը եւ ընտրութիւնը, բայց ոչ բանականութեան ապացոյց: Յիշեցնեմ դարձեալ, որ այդ բոլորը, հեռակառավարում է մի վարպետ յանցագործ եւ հէնց այնպէս ոչինչ չի կատարւում, մինչեւ իսկ մօտ երկու տարի քաշքշուկ դարձած դատավարութիւնը կարճում են արհամարհելով անմեղ զոհուածների յիշատակը:

Ինչ որ բան խախուտ է Հայոց աշխարհում:

Ի հեճուկս ոմանց, վարչապետը յայտարարեց իր  հրաժարականի որոշումը՝ համամասնականի  դարձնելով  ընտրակարգը, երբ անհատները չեն թեկնածու, այլ քաղաքական խմբաւորումները, որ բոլորի սրտով չէ, բայց նախընտրական խլրտումները արդէն սկսուել են: Մեծ աշխուժութիւն է ցուցաբերում Քոչարեանը՝ համարելով որ ապաշխարելու պատճառ եւ կարիք չունի եւ յաւակնում է, որ իրենից զատ ուրիշ որեւէ մէկը ի վիճակի չէ  երկրում ներկայ կացութիւնը շտկելու: Յարմար բառ չեմ գտնում նման անպատկառութիւնը անուանելու: Նա անգիտակից է, որ տիրող դժոխքի թիւ 1 համահեղինակն է, զանց չառնելով իր հրամանով եղած բազում ոճիրները՝ յիշելով միայն հոկտեմբեր 27-ն եւ մարտի 1-ը: Երեւի նա կարծում է, թէ իշխանութիւնը մեղրաբլիթ է, որ նուիրում են որեւէ տօնի առիթով, այլ հսկայ պարտականութիւն, որ վեհապետ ժողովուրդը  վստահում եւ տալիս է իր այն արժանաւոր  զաւակին, ով կարող է լաւագոյն միջոցներով բարգաւաճել երկրի ապագան: Նա մոռանում է նաեւ, որ Փաշինեանի յաղթանակի հեղինակները  նախկիններն են իրենց ոչ օրինաւոր եւ խեղաթիւրուած աւազակաբարոյ գործունէութեամբ, որ յագեցուած է բազում խարդախ ու օրինազանց քայլերով՝ ընդհուպ սպանութիւններով:

Պատահակա՞ն են արդեօք օտարերկրեայ հարցախոյզի ցուցումները այն   հարցումին, որ եթէ ընտրութիւնները կայանան առաջիկայ կիրակի, ո՞ր կուսակցութեան կը քուէարկեն,-պատասխանը լինում է՝ «Իմ Քայլ»-ը՝ 33,1%, «Բ․Հ.Կ.»՝4,4%,«Լ․Հ․Կ․»՝2,6% եւ միւսները 2,2-ից 0,2%: Մինչդեռ անհատականի դէպքում՝ Քոչարեան-5%  եւ  Վազգէն Մանուկեան՝ ֊0,9%, իսկ 38,8 տոկոսը  խորհում է, որ Նիկոլ Փաշինեանը պէտք է մնայ վարչապետի պաշտօնին՝ իր  թերութիւններով հանդերձ, մինչեւ այլ թեկնածու գտնելը:

Գիտակից ենք՝ որեւէ  հարցախոյզ ճշգրիտ լինել չի կարող, միայն թէ այն տալիս է կացութեան մօտաւոր նիշը տիրող մթնոլորտի գնահատականը:

Վերջին գայթակղութիւնն է, որ Քոչարյանը դատի է տալիս  վարչապետին, որ վերջինս իր ելոյթներից մէկում ասել է, թէ նախկինները իրենց թալանածը կոպեկ-կոպեկ բերելու են բանակի զարգացմանը: Կարծես թէ  քաղաքական դաշտի նոր խճանկար է ձեւաւորւում, ուստի յունիսի 20-ին  պէտք է շատ զգոյշ եւ խոհեմ ընտրութիւն կատարել, չարիքը չվերականգնելու եւ նրանից խուսափելու համար:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like