ՔԱՋԱԼԵՐՎԵ՞Լ, թե ՉՔԱՋԱԼԵՐՎԵ՞Լ. այս է խնդիրը Հայաստանից մինչև Ուկրաինա…

Վահե Արսեն, Երևան

Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից անցել է երկու շաբաթ, և չմտնելով լրատվական պատերազմների դավադիր հորձանուտը, որտեղ ամենանենգ սուտը կարող է ավելի ճշմարտացի թվալ, քան բացարձակ ճշմարտությունը, և որտեղ ավելի դաժան ու իրարամերժ պայքար է, քան ռազմաճակատում, փորձենք անդրադառնալ ընդամենը մեկ հարցի, որն այսօր շատերին է հետաքրքրում, և որը կօգնի մեզ հասկանալ գերտերությունների միջև մենամարտի ռինգի վերածվելու վտանգները քաղաքական առումով շատ ավելի թեթև կշիռ ունեցող պետությունների համար:

Հարցը մոտավորապես կարելի է այսպես ձևակերպել. «Ինչո՞ւ Արևմուտքի պետություններն իրենց զորքերը չմտցրեցին Ուկրաինա և չներքաշվեցին պատերազմի մեջ, և առաջին հայացքից տասնյակ տարիներ այդ պետության ռազմական և քաղաքական օգնություն ցուցաբերելուց հետո ճակատագրական պահին հրաժարվեցին անմիջական մասնակցությունից»: Բայց, քանի որ մենք քաղաքական գործընթացներից ենք խոսում և Ուկրաինայի նախագահն էլ հրեական ծագում ունի (նա շատ է սիրում այդ մասին խոսել) կարող ենք նույնիսկ հարցին հարցով պատասխանել, կամ նրբորեն վերաձևակերպել հարցը. «Ի՞նչը պետք է Արևմուտքի պետություններին ստիպեր իրենց զորքերը մտցնել Ուկրաինա և իր զավակներին զոհել հանուն Ուկրաինայի»: Եվ ինչպես նման ցանկացած հարցում պատասխանն անհրաժեշտ է փնտրել ոչ թե զգացմունքային-սիրողական դաշտում, այլ զուտ քաղաքական:

Արևմուտքը որևէ իրավական-պայմանագրային պարտավորություն չունի Ուկրաինայի առաջ, իսկ ռազմաքաղաքական շահի տեսանկյունից խառնվել կամ չխառնվելը միայն ու միայն Արևմուտքի խնդիրն է: Որևէ մեկն Արևմուտքից լավ չի կարող գիտակցել իր շահը և հաշվարկել բաց ռազմական դիմակայության դեպքում իր հնարավոր կորուստների նպատակահարմարությունը: Չեմ կարծում, որ Արևմուտքը չէր հաշվարկել Ռուսաստանի ռազմական ներխուժումն ու իր հնարավոր քայլերն այդ իրավիճակում: Վերջապես, արևմտյան պետությունները անցյալ-ներկա գերտերություն լինելու հարուստ փորձ ունեն, իսկ փորձը մարդու աշխարհում ոսկուց էլ թանկ է:

Եվ գիտեք, Արևմուտքին մեղադրելու փոխարեն անհրաժեշտ է հասկանալ դրա քայլերի տրամաբանությունը, և ամենակարևորը` քաղաքական, նյութական, նաև մարդկային միջոցների հնարավոր կորուստներն ու ձեռքբերումները որոշակի (կոնկրետ) իրավիճակում: Ի՞նչ է կորցնում Արևմուտքը, երբ պատերազմում են երբեմնի բարեկամները, և անկախ պատերազմի արդյունքից ի՞նչ են շահելու վերջին երկուսը:

Իսկ փոխարենը մենք ընդամենը մեղադրում ենք: Մեղադրում ենք Արևմուտքին, որ վերջինս ամեն ձևով ՔԱՋԱԼԵՐԵԼ Է Ուկրաինային, տարիներ շարունակ զինել նրան, տրամադրել ֆինանսական-ռազմական օգնություն, խթանել միջուկային ուժանյութի (էներգիա) և բիոքիմիայի ոլորտում նոր փորձարկումներն ու հետազոտությունները, փաստացի դրդել նրան պատերազմի և ուժային միջոցով Դոնբասը և Ղրիմը վերադարձնելու: Բայց, ախր, նման հարցադրումները շատ պարզ պատասխան ունեն. ենթադրենք հզորները, ասենք ՆԱՏՕ-ի  առաջատար երկրները ՔԱՋԱԼԵՐԵԼ ԵՆ, իսկ դու դեռ ՆԱՏՕ անդամ չես, և լավ գիտես մեկ այլ հզորի վերաբերմունքը որոշակի հարցին և նաև հետևանքներից ես տեղյակ (հնարավոր է մի քիչ էլ պատմություն իմանաս, չէ՞), ուրեմն կա՛մ պետք է ՉՔԱՋԱԼԵՐՎԵՍ, կամ էլ ցույց չտաս, որ քաջալերվել ես: Բայց Ուկրաինայի ղեկավարը պատկերավոր ասած գլխավերևում էր ճոճում միջուկային զենքի թղթե մանրակերտը ու սպառնում ուժով վերադարձնել կորցրած տարածքները:

Ուկարինայի նախագահը ՔԱՋԱԼԵՐՎԵԼ ԷՐ «մինչև վերջ»` մոռանալով, որ իր երկիրը դեռևս ՆԱՏՕ-ի անդամ չէ, այլ ընդամենը ՔԱՋԱԼԵՐՎԵԼ Է անդամ երկրների կողմից: Տարբերությունը կարծում եմ ակնհայտ է, ու այս դեպքում թե՛ Ուկրաինայի ու թե՛ դրա ղեկավարների համար կործանարար. վերջապես երկիրն իրենցն է, բնակիչների ակնհայտ մեծամասնությությունը` ուկրաինացիներ, տարածքն էլ ուկրաինացիների գիտակցված հայրենիքը: «ՔԱՋԱԼԵՐԵԼԸ» մեծ քաղաքականության մեջ չափանիշ չէ, և եթե կա որոշակի երաշխիք, ապա միայն միջազգային պայմանագրերի իրավական հարթությունում: Թե չէ, շատերը կարող են քեզ քաջալերել ելնելով իրենց աշխարհաքաղաքական շահերից, բայց արդյունքում պետությունդ ժողովրդովդ հանդերձ հսկա կայսրության նույնքան հսկա բանակի դեմ միայնակ կմնա: Մի՞թե պետության ղեկավարության առաջնային խնդիրը իր ժողովրդի անվտանգությունն ու կյանքի իրավունքը պաշտպանելը չէ: Եվ ամենակարևորը, իր պետությունը գերտերությունների համար մարտադաշտ չսարքելը:

Վաղուց, նաև մեր փորձով գիտենք, որ գերտերությունների քաղաքական և տնտեսական կառավարման և նաև ճնշման մեթոդները, անշուշտ, կարող են տարբեր լինել, սակայն ռազմական ազդեցության մեթոդները նույնն են, և բոլոր գերտերություններն էլ ռազմական ներխուժում են անում ոչ թե հանուն որևէ ժողովրդի (հատկապես օտար) բարօրության, այլ իր աշխարհաքաղաքական շահերի, լինի դա Վիետնամը, Աֆղանստանը, Հարավսլավիան, Սերբիան, Հայաստանը, Վրաստանը, Կուբան, Ալժիրը, Հնդկաստանը, Չինաստանը, և կամ Ուկրաինան:

Բարոյականության տեսանկյունից քաղաքական, առավել ևս աշխարհաքաղաքական խնդիրներին մոտենալը հիմարություն է և արկածախնդրություն: Ինչի վկայությունն է Ուկրաինայի նախագահի կողմից գրեթե ամենօրյա ժամանակացույցով Արևմուտքին ու  ՆԱՏՕ-ին իրեն մենակ թողնելու, ինքնաթիռներ չտրամադրելու, իր երկրի երկինքը չփակելու մեջ մեղադրելը: Պարոն Զելենսկին մոռացել է ռազմավարության ամենակարևոր` շախմատի օրենքը: Քայլերը նախապես են հաշվում, և հաղթում է նա, ով ավելի շատ ու բարդ տարբերակներ է հաշվել: Նա մոռացել է նաև մյուս օրենքը. շախմատը երկուսով են խաղում, այսինքն ամեն կողմից մեկն է խաղում, և յուրաքանչյուրն ինքը պետք է իր խաղի հաշվարկն անի: Մարզիչների հետ որքան ուզում ես դպրոցում մարզվիր, տախտակի առաջ մենակ ես նստում ու այդ ժամանակ քայլերն ինքդ ես որոշում: Եվ խաղի ժամանակ շրջվել մարզիչների կողմն ու հոխորտալ, որ` «ինձ մենակ եք թողել»` առնվազն ՄԱՆԿԱՄՏՈՒԹՅՈՒՆ Է:

Առհասարակ, որոշակի նմանություն կա վերջին շրջանում հետսովետական երկրներում իրականացված հեղափոխությունների, դրանց արդյունքում իշխանության եկած առաջնորդների, այդ երկրներում հետհեղափոխական գործընթացների և ՄԱՆԿԱՄՏՈՒԹՅԱՆ միջև։ Բոլոր երկրներում էլ` Հայաստան, Վրաստան, Ուկրաինա իշխանության են եկել առաջին հայացքից ազատամիտ, ազատատենչ, սակայն իրականում քաղաքական որևէ լուրջ հետագիծ չունեցող, կարելի է ասել պատահական մարդիկ և դրսևորել թեթևամիտ, անլուրջ գործելաոճ` իրենց կողմից ղեկավարվող երկրները հասցնելով լուրջ ցնցումների ու տարածքային կորուստների։ Նույն թեթևամտությունը արդեն տեսել ենք Հայաստանում, երբ «Նոր» Հայաստանի հեղափոխական իշխանության ղեկավարը, որ սկզբում ակնհայտ քամահրական մոտեցում ուներ Ռուսաստանի հանդեպ, արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ օրվա մի կեսին օգնության աղերսանքով զանգահարում էր Վ. Պուտինին, իսկ մյուս կեսին` Է. Մակրոնին:

Առհասարակ, այսօր Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները անչափ նման են արցախյան վերջին իրադարձություններին, սակայն մեկ կարևոր տարբերությամբ. Հայաստանի ղեկավարին ոչ մեկը չէր ՔԱՋԱԼԵՐԵԼ, որ բոլորին, լիներ՝ դաշնակից, բարեկամ, թե թշնամի աջ ու ձախ իրենց տեղը դներ ու վերջում էլ Արցախի սրտում կանգներ ու համայն աշխարհի տիրական ու խոհուն աչքի առաջ գոռար՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»… թե, այնուամենայնիվ ՔԱՋԱԼԵՐԵԼ ԷԻՆ…

ՍՐՏԱԳԻՆ ԿՈՉ ԵՒ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՒԱՔ ՓՐԿԵՆՔ ՀԱՅԵՐԷՆԸ

8/3/22

1 comment
  1. Putin thought before the invasion “after all, who talks about Artsakh”. How Ironic, if the world spoke about the Armenian genocide early on, the holocaust could have been prevented, the same with Ukraine today.

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like