Կոմիտաս-Մարգարիտ Բաբայան. հոբելյանական ցուցադրություն

ԵՐԵՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ: 26 Սեպտեմբեր 2024 Ցուցադրության բացում Կոմիտասի թանգարանում

Նառա Դանիելյան, Երևան, 29 Սեպտեմբեր 2024 

Դու Ամենայն Հայոց երգի Վեհափառն ես,
Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց,
Գիրն ու տառն ես Հայոց երգի:
Հայոց երգի
Անծիր հերկի:
Ե՛վ ակոսն ու խորունկ առն ես,
Ե՛վ մատնընտիր սերմը նրա,
Ե՛վ խոստումը գալիք բերքի…
Պարույր Սևակ

Կոմիտաս Վարդապետի (Սողոմոն Սողոմոնյան) ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, նրա անունը կրող թանգարան-ինստիտուտում բացվեց «Փարիզյան հանդիպումներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը: Դա ներկայացնում է Կոմիտասի փարիզյան կյանքի գողտրիկ հատված՝ հարաբերությունները մտերիմ բարեկամուհու՝ Մարգարիտ Բաբայանի հետ: Միջոցառման համադրող Մարինե Հարոյանը 110 տարի անց մեկ հարկի տակ մեկտեղել է երկու մտերիմ մարդկանց՝ դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ Մարգարիտ Բաբայանի 150 և երաժշտագետ-բանահավաք, երգահան, երգիչ, խմբավար, մանկավարժ, հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս Վարդապետի ծննդյան 155-ամյակները: «Երբ ուսումնասիրում ես Բաբայանի կենսագրությունը, զարմանում ես, թե ինքը իր ժամանակին ինչպիսի մեծ վաստակ է ունեցել թե՛ որպես կատարող երգչուհի, թե՛ որպես մարդ, որը հանրահռչակել է հայ երգն ու երաժշտությունը միջազգային հարթակներում»,– ասում է տիկին Հարոյանը:

«Փարիզյան հանդիպումներ» ցուցադրությունը իրականացվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի համագործակցությամբ: Ներկայացված են շուրջ 150 արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, վավերագրեր, կտավներ Հայաստանի ազգային պատկերասրահից, ինչպես նաև ֆրանսիացի Լալուա ընտանիքի արխիվային փաստաթղթեր: Ցուցադրության տարբեր բաժիններ նվիրված են Մարգարիտ Բաբայանի գործունեության տարբեր ոլորտներին՝ ներկայացնելով Բաբայանի և Կոմիտաս Վարդապետի մտերմությունը նամակագրության միջոցով:

ԵՐԵՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ: 26 Սեպտեմբեր 2024 Ցուցադրության բացում Կոմիտասի թանգարանում

Բաբայանների ընտանիքը մեծ դեր է կատարել Կոմիտասի կյանքում, հատկապես նրա փարիզյան գործունեության շրջանում:

Իսկ ինչո՞ւ է ցուցադրությունը կոչվում հենց «Փարիզյան հանդիպումներ»: Մանրամասնում է տիկին Հարոյանը․ «Անցյալ դարի սկզբին Փարիզն համաշխարհային մշակութային կենտրոն էր արդեն և այնտեղ էին ձգտում բոլոր արվեստագետները: Ովքեր ուզում էին կայանալ որպես արվեստագետ պետք է նախևառաջ հաղթահարեին փարիզյան փորձաքննությունը»:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն ընդգծում է․ «Փարիզը Կոմիտասի համար շրջադարձային և շատ կարևոր վայր էր, հետևաբար Կոմիտասի 155-ամյակի միջոցառումների շրջանակում անհրաժեշտ էր արտացոլել փարիզյան այդ շփումները: Դա կգնահատի Կոմիտասի ժառանգությունը արժևորող այցելուն»:

Կոմիտասի արխիվն ունենալու համար պարտական ենք հիմնականում երկու մտավորական-արվեստագետների՝ հենց Մարգարիտ Բաբայանին, ինչպես նաև Արշակ Չոպանյանին:

ԵՐԵՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ: 26 Սեպտեմբեր 2024 Ցուցադրության բացում Կոմիտասի թանգարանում

Կոմիտասի ժառանգությունն ամբարած թանգարան-ինստիտուտը ոչ միայն պահպանողն է, այլև տարածողն է մեր երկրորդ լեզվի՝ մեր երգի այբուբենի:

Ցուցադրոււթյան բացմանը նախորդել էր Կոմիտասի անվան զբոսայգում հայոց մեծաց պանթեոն այցելությունը: Պետական պաշտոնատարներ, մի խումբ մտավորականներ և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը ծաղիկներ էին խոնարհել Վարդապետի շիրմին, կատարվել էր հոգեհանգստյան կարգ:

«Կոմիտաս Վարդապետը, որ քաջութիւնն ունեցաւ գալ խմբերգը ղեկավարելու եւ ինքն իսկ մելոտիներ երգելու, Տիրամայրին մէջ բարձրացաւ յուզմունքի այնպիսի ներուժութեան մը, որ գրեթէ արցունք բերելու աստիճանին կը հասնէր եւ որուն համար հասարակութիւնը «օվասիոն» մը ըրաւ իրեն: Ոչինչ աւելի սրտաշարժ էր քան տեսնել հասարակութեան ծափերուն առջեւ իր խոնարհիլը՝ քաղցրութեամբ ու վեհութեամբ՝ սեւ, բարձր վեղարին տակ»,– իր հուշերում գրում է ֆրանսիացի երաժշտագետ Լուի Լալուան:

Կոմիտասն է վավերացրել հայ երաժշտության ինքնության վկայական- անձնագիրը: Այն հազար տարի հետո էլ մեր կարոտն ու մորմոքը, երգի վերածված, աշխարհներին կտանեն ու կմնան մշտահունչ ու մշտարթուն, իբրև երբեք չընդհատվող անլռելի զանգակատուն:

*****

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like