Նառա Դանիելյան, Երևան, 26 հոկտեմբեր 2025
Մատենադարան․ հայ ժողովրդի մտավոր ժառանգության գանձարան, ուր պահվում են շուրջ 20.000 հայերեն և այլալեզու (հունարեն, արաբերեն, պարսկերեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, եբրայերեն և այլն) ձեռագրեր, ընդգրկում է հայ հին և միջնադարյան գիտության և մշակույթի գրեթե բոլոր բնագավառները՝ պատմություն, աշխարհագրություն, փիլիսոփայություն, քերականություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, թարգմանական ու ազգային գրականություն, մանրանկարչություն, երաժշտություն և թատրոն։
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական հաստատություն Մատենադարանում հոկտեմբերի 14-17-ը տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքները» 14-րդ ամենամյա միջազգային գիտագործնական գիտաժողովը, որին մասնակցում էին 18 երկրի առաջատար վերականգնողներ, ինչպես նաև հայ հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։ Մատենադարանը հետևողականորեն իրականացնում է միջազգային գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման, կատարելագործման ծրագիրը։ 14-րդ գիտաժողովը իր աշխարհագրությամբ ամենաընդգրկունն է՝ երկրների թվի մասնակցությամբ։ Ձեռագիր և տպագիր յուրաքանչյուր արձանագրություն պատմություն է և դրանց պահպանությունը՝ պայքար ժամանակի ու մոռացության դեմ։ Այս առումով 14-րդ գիտաժողովը իր շուրջն է համախմբում աշխարհի գրավոր ժառանգության պահպանման առաքելություն ունեցող կարևոր հաստատություններին, նպաստում ոլորտի պատասխանատուների իրազեկվածության բարձրացմանը, փորձի փոխանակմանը, նորագույն միջոցների (տեխնոլոգիաների) և եղանակներ (մեթոդների) արդյունքների հասանելիությանը։ Գիտաժողովին մասնակցում էին 18 երկրից (այս տարի առաջին անգամ՝ Չինաստանից, Ճապոնիայից, Չեխիայից) 25 վերականգնողներ, հեղինակավոր թանգարանների, գրադարանների մասնագետներ։

Գիտաժողովի բացմանը ներկա էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և մարմնամարզության նախարար տիկին Ժաննա Անդրեասյանը, ով, կարևորելով նման միջոցառումների իրականացումը, մասնավորաբար նշեց․ «Մենք ներկա ենք մի իրողության, երբ տեսնում ենք, թե ինչպես է Մատենադարանը իրապես միջազգային հարթակ դառնում կարևորագույն մի ուղղության, ինչպիսին տպագիր և ձեռագիր ժառանգության պահպանումը, վերականգնումը և ամրապնդումն է»։
Միջոցառման բացման արարողության ժամանակ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը «Բարերար Մատենադարանի» ոսկե մեդալ շնորհեց «Արարատ» դրամատան տնօրեն Մհեր Անանյանին, իսկ դրամատան անունը զետեղվեց Մատենադարանի Պատվո կամարում։ «Ես ուրախ եմ, որ Մատենադարանում հիմնարար ինչ-որ բարեփոխման մեջ մենք մեր մասնակցությունը ունենք», — նշեց բարերարը։ Այստեղ հարկ է հիշեցնել, որ դրամատան աջակցությամբ 2024 թվականին Մատենադարանում ստեղծվել է ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների աշխատանոցը, իսկ 2025 թվականին արդիականացվել են տեսահսկման և անվտանգային համակարգերը։ Դրամատունը երկու տարի շարունակ աջակցում է «Հիշողության կերպարանքները» միջազգային գիտաժողովի իրականացմանը։

«Բացի նյութական աջակցությունից, ունի նաև բարոյական նշանակություն, որովհետև, իսկապես, Մատենադարանը այն հաստատությունն է, այն կենտրոնն է, միջազգային հնչեղության ու վարկանիշի այն կառույցն է, որ ենթադրում է համահայկական մասնակցություն, համահայկական ներգրավվածություն, որովհետև սա մեր անձնագիրն է քաղաքակրթական աշխարհ և դեպի քաղաքակրթություն», — գիտաժողովի բացմանն ընդգծեց տնօրեն պարոն Արա Խզմալյանը։ Տնօրենի խոսքով «Արարատ» դրամատունը առաջին ֆինանսական կազմակերպությունն է, որ սկսեց համագործակցել Մատենադարանի հետ, ինչի համար երախտապարտ են։
«Հիշողության կերպարանքները» գիտաժողովի շրջանակում անցկացվել են բազմաթիվ վարպետության դասեր։ Գիտաժողովին լայնորեն ներգրավված են եղել Հայաստանի մշակութային և գիտական հաստատությունները։ Միջազգային գիտաժողովը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ—ում ԵՄ պատվիրակության և «Արարատ» դրամատան աջակցությամբ։