Նառա Դանիելյան, Երեւան, 26 հոկտեմբեր 2024
«Ինչ հաճելի ու ինչ հեշտ է բեմ ելնել խելացի և տաղանդավոր խաղընկերոջ հետ, ով թատրոն եկավ աճեմյանական դպրոցի բովովն անցած, մեծն դերասանապետի տաղանդով օծված, ով խաղաց, հիացրեց, մնաց: Աշխատեց թատրոնի մեծերի հետ, գնահատվեց մեծությունների չափանիշներով, կանգնեց խոշորների շարքում: Առաջին մի երկու դերակատարումներով Սոսն ապացուցեց, որ մեր թատրոնն իր պակասն ուներ: Սա բացառիկներին տրված արտիստական բացառիկ ճակատագիր էր»: Դավիթ Մալյան
Մշակութային խոշոր արժեքներ ամբարած Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ) հոկտեմբերի 24-ը նշանավորվեց մեծանուն արվեստագետ եւ ՄԱՐԴ Սոս Սարգսյանի հոբելյանական ցերեկույթի մեկնարկով:
Դերասան, բեմադրիչ, Պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արվեստագետ, հասարակական-քաղաքական գործիչ, Համազգային թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի ծննդյան 95-ամյակի հոբելյանական միջոցառման շրջանակում թանգարանում բացվեց ժամանակավոր ցուցադրություն, որն արտացոլում է մեծատաղանդ արվեստագետի կյանքն ու ստեղծագործական ուղին: ԳԱԹ-ի կինոարվեստի բաժնում պահպանվում են Սոս Սարգսյանի արխիվային նյութերը՝ անձնական փաստաթղթեր, նամակներ, լուսանկարներ, բեմագիրներ (սցենարներ), գրքեր, որոնք վավերագրում են թատրոնում և կինոյում իր ուրույն տեղը գրաված Սոս Սարգսյան արվեստագետի անցած ուղին: Արխիվի հիմնական նյութերը թանգարանին է նվիրել ինքը՝ վարպետը՝ 2013 թվականին, մահից 20 օր առաջ, իսկ մյուս արժեքավոր վավերագրերը նվիրել է տիկինը՝ Նելլի Սարգսյանը:
Կինոարվեստի և թատերական արվեստի զարգացման գործում իր մեծ վաստակն ու ներդրումն ունի Սոս Սարգսյան բազմաշնորհ անհատականությունը: Հետաքրքիր մտածողությամբ, ինքնատիպ ոճով, անմիջականությամբ, խորիմաստ երևակայությամբ օժտված արվեստագետի կերպարները հնչեղ են, եթերային: Սարգսյանը միաձուլվում է այն կերպարներին, որոնց մարմնավորողն է: Նկարահանվել է 40-ից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնք հայկական կինոյի ոսկե ֆոնդում են հանգրվանել հավիտենապես՝ «Նվագախմբի տղաները», «Տերն ու ծառան«», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ», «Ձորի Միրո», «Խաթաբալա» և այլն: Սոս Սարգսյանը, մտերիմների համար՝ պարզապես Սոսը, հանդես է եկել նաև ռուս բեմադրիչների կինոնկարներում՝ Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիս», Վլադիմիր Բորտկոյի «Առանց ընտանիքի» և այլ ֆիլմերում:

Միջոցառման բացման իր խոսքում ԳԱԹ-ի տնօրեն տիկին Սյուզաննա Խոջամիրյանը առանձնահատուկ ջերմությամբ ընդգծեց․ «Լինելով Սոս Սարգսյանի համաքաղաքացին, լինելով նրա հող ու ջրից, լինելով մեկը, ում մանկության տարիներն անցել են վարպետի հայրական տան ուղիղ հարևանությամբ, առանձնակի հարազատություն ու հպարտություն եմ զգացել միշտ ոչ միայն Սոս Սարգսյան արվեստագետի, այլև՝ համաքաղաքացու հանդեպ: Յուրաքանչյուր քաղաք ունի իր դեմքը, և ես փաստում եմ, որ Ստեփանավանի դեմքը Սոս Սարգսյանն է, Լոռվա ամենապայծառ դեմքերից մեկը Սոս Սարգսյանն է»:
Վարպետի մասին իրենց հուշերով կիսվեցին կինոգետներ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Դավիթ Մուրադյանը, Անետա Երզնկյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը, դերասանուհի, Սոս Սարգսյանի խաղընկերուհի Սոֆիկ Սարգսյանը, երգահան, ՀՀ ժողովրդական արվեստագետ Մարտին Վարդազարյանը, ով հանդես եկավ նաև «Էլեգիա» ստեղծագործության կատարմամբ: Հատկապես հուզիչ էր դերասանի կնոջ՝ Նելլի Սարգսյանի խոսքը, որտեղ առավել բացահայտվեց Սոս Սարգսյան Մարդը:
Միջոցառմանը յուրօրինակ փայլ հաղորդեց այսօր Սոս Սարգսյանի անունը կրող Համազգային թատրոնի դերասանների մասնակցությամբ՝ Սոս Սարգսյանի հեղինակած «Ոտնամաններս» ժողովածուի հատվածական ընթերցումը:

Սոս Սարգսյանը այն արվեստագետներից է, ով հոգու ամբողջ հարստությունը սուրբ մասունքի պես բաժանում էր հանդիսատեսին՝ թատրոնում, կինոյում և իր գրականության մեջ: Միջազգային ճանաչում վայելող դերասանը, տաղանդավոր բեմադրիչը, հրաշալի գրողը, թատրոնի կազմակերպիչը, հասարակական-քաղաքական գործիչը իր այս բոլոր շնորհների մեջ առանձնանում էր անկրկնելի պարզությամբ, անմիջականությամբ և մտավորական հմայքով:
«Եթե դու երկնային քաղաքակրթության ներկայացուցիչն ես տիեզերքում, այնտեղ պիտի գնաս մաքուր ձեռքերով ու մաքուր հոգով, բարոյապես կատարելության հասնելուց հետո միայն: Մենք լավ գիտենք տիեզերքի ֆիզիկական օրինաչափությունները, իսկ բարոյական․․․ Ուրեմն՝ տիեզերքում անգամ մեր տեղը որոնելը պիտի օգնի մեզ ճշտելու մեր տեղը հենց Երկրի վրա»,– մեծավաստակ Հայի պատգամն է մահկանացուներիս:
Որքա՜ն խոր իմաստություն կա այս պարզ խոսքերում…
ԳԱԹ-ում բացված «Սոս Սարգսյան – 95» ցուցադրությունը բաց կլինի մեկ ամիս: