Ամեն ինչ սկսվում և ավարտվում է օդում

Տատյանա Դարբինյան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երեւան, 29 հունվար 2026

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողուհի, Չարենցավան համայնքի բնակիչ, քսանմեկամյա Սյուզան Կարապետյանը ընթերցողին է ներկայացնում իր առաջին գիրքը՝ «Ամեն ինչ սկսվում և ավարտվում է օդում»։

Այն, ինչ սկսվել էր 2020 թվականին որպես անձնական մտքերի գրառում, չորս տարի անց դարձավ ամբողջական ստեղծագործություն։ Սյուզանը խոստովանում է՝ սկզբում թերագնահատում էր սեփական ուժերը, սակայն ընթերցողների հետադարձ կապն օգնեց գիտակցել իր գրելու շնորհը։

Գրքի ծնունդը բեկումնային եղավ 2024 թվականին։ Մի միջոցառման ժամանակ հեղինակը տեսնում է անհայտ կորած զինվորի քրոջը, ով լուռ արտասվում էր՝ շրջապատված անհոգ պարող հասակակիցներով։

– Ես ինձ գտա մի ցավոտ խաչմերուկում. մի կողմում անհոգ պարող պատանիներն էին, մյուս կողմում՝ լուռ արտասվող քույրը։
Այդ պահին ես առերեսվեցի մի դառն իրականության. մենք շարունակում ենք ապրել մեր առօրյայով, երբեմն նույնիսկ անտարբերությամբ, մինչդեռ մեր կողքին մարդիկ կրում են անդառնալի կորստի բեռը։ Հենց այդ օրվանից սկսեցի գրել այն ընտանիքների մասին, որոնք ապրում են այդ լռելյայն ցավով՝ փորձելով գտնել իրենց տեղը կյանքի շարունակական ընթացքի մեջ,– խոստովանում է Սյուզանը։

Գրքի հիմքում հայի հավաքական կերպարի պատմությունն է՝ լույս աշխարհ գալուց մինչև մի բեկումնային իրադարձություն, որի խորհուրդը հեղինակը թողնում է ընթերցողի բացահայտմանը։ Գրքի հերոսը ծնվում է երջանիկ ու ներդաշնակ ընտանիքում, սակայն ճակատագիրը նրան տանում է բոլորովին այլ հունով։

Պատերազմն ու դրա հետևանքները գրքում արտացոլվում են այն ընտանիքների ապրումների միջոցով, որոնք կորցրին իրենց ամենաթանկը կամ ստիպված եղան վերագտնել հարազատներին նոր ու դաժան կարգավիճակում։ Ստեղծագործությունը վերհանում է այս մարդկանց հուզական վարիվերումները՝ զավակի առաջին ճիչից մինչև մերօրյա իրականություն։

Այնուամենայնիվ, հեղինակի նպատակը հուսահատություն տարածելը չէ։ «Իմ հիմնական ուղերձն այն է, որ ցավը որքան էլ մեծ լինի, մենք պարտավոր ենք ուժ գտնել՝ շարունակելու ապրել,– նշում է Սյուզան Կարապետյանը։– Գրքի առանցքում հավատն է, անկոտրում հույսը և կյանքը վերարժևորելու ու վերսկսելու կարողությունը»։

– Ի՞նչ զգացողություն եք ամենաշատը թողել օդում։

– Ես օդում թողել եմ զգացողությունների մի ամբողջ շղթա, որտեղ յուրաքանչյուր օղակ մի նոր ապրում է՝ սկսած բացարձակ երջանկությունից ու ներդաշնակությունից մինչև կրծող կասկածն ու անորոշության վախը։ Իմ տողերում սերն ու կարոտը միահյուսվում են ցավին, սակայն այդ ամենի միջով անցնող կարմիր թելը հույսն է։ Վերջիվերջո, ես ցանկացել եմ, որ գիրքը փակելիս մարդու ձեռքերում մնա ոչ թե դատարկություն, այլ անսահման մի ջերմություն, որը կտաքացնի ընթերցողի հոգին ամենացուրտ իրականության մեջ:

– Կա՞ մի հիմնական միտք, որը կուզեիր, որ ընթերցողը հստակ իր հետ տանի։

– Գրելու ընթացքում ցանկացել եմ ներկայացնել այնպիսի ապրումներ, որոնք արտաքինից չեն երևում, և շատերը, իրենց ներսում կրելով այդ զգացողությունները, կարծում են, թե միայն իրենք են վերապրել այդ ցավը և որ իրենց խորտակման ճանապարհի միակ մեղավորը հենց իրենք են։ Բայց ոչ, դա այդպես չէ՛: Իրականում կորստի ցավի դրսևորումները չափազանց նման են: Այն մարդիկ, որոնք վախենում են արտաքին աշխարհին պատմել դրա մասին, ի վերջո վախենում են չհասկացված լինելուց և իրենց սպանում են ներսից: Բայց պետք է հակառակն անեն. պետք է կիսվեն իրենց զգացմունքներով, բացեն իրենց հոգին, որովհետև մեզ շրջապատող մարդկանց մեծամասնությունը մեզ կարեկցում և սիրում է: Փակվելը դա լուծում չէ, պետք է ընդառաջ գնալ ցավին:

Իմ կյանքում ես հաճախ եմ բախվել անարդարությանը և ավելի շատ կորցրել եմ, քան գտել։ Սակայն միայն հիմա եմ գիտակցում, որ այդ բոլոր հարվածներն իմ ներսում վերածվել են ուժի։ Ես ձգտում եմ ապրել ու արարել, քանի որ նրանք դադարեցին ապրել՝ հույս ունենալով, որ մենք կշարունակենք իրենց անավարտ գործը։ Իմ ամեն մի տողը և ամեն մի քայլը նրանց համար է, ում փոխարեն այսօր մենք պետք է խոսենք ու ստեղծագործենք:

Հեղինակի համար լավագույն գնահատականը եղել է այն, որ ստեղծագործությունը կարողացել է «խոցել» ընթերցողի սիրտը՝ ստիպելով ոչ միայն զգալ, այլև խորհել։ Սյուզանի համար ամենահուզիչ արձագանգն այն էր, որ մարդիկ զգացել էին իր մտքերի խորությունն ու անկեղծությունը, որոնք նա դրել է ամեն տողի տակ։ Հարազատների և մտերիմների հպարտությունն ու «մենք քեզնից նոր գրքեր ենք ակնկալում» խոսքերը հեղինակի համար դարձել են ոչ թե հաճոյախոսություն, այլ վստահություն և պատասխանատվություն՝ հասկացնելով, որ այս գիրքն ավարտը չէ, այլ մի մեծ ու հետաքրքիր ճանապարհի սկիզբը։

Սյուզան Կարապետյանի այս գիրքը լավագույն ապացույցն է այն բանի, որ մերօրյա երիտասարդությունը չի փակվում սեփական աշխարհում, այլ կարեկցում և զգում է կողքինի ցավը։ Հեղինակը հաջողել է նկատել ու թղթին հանձնել այն կարևոր սահմանը, որտեղ մարդիկ, չնայած իրենց կորուստներին, շարունակում են ապրել ու պայքարել։ Սա պատմություն է ոչ միայն պատերազմի հետքերի, այլև մարդկային անկոտրում ոգու մասին։ Գիրքն ընթերցողին սովորեցնում է լինել ավելի ուշադիր ու կարեկից, իսկ Սյուզանի անկեղծությունը հույս է տալիս, որ գրականության միջոցով հնարավոր է բուժել հոգու ամենախորը վերքերը։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like