Տատյանա Դարբինյան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երեւան, 26 փետրվար 2026
Դարեր շարունակ գիտության դռները կանանց համար փակ են եղել ոչ թե տաղանդի պակասի, այլ պարզապես կանխակալ պատկերացումների պատճառով։ Մինչ Մարի Կյուրին ստիպված էր սովորել «ընդհատակյա համալսարանում», իսկ տասնյակ հանճարեղ կանայք իրենց հայտնագործությունները հրապարակում էին տղամարդկանց անուններով, աշխարհը կորցնում էր իր մտավոր ներուժի կեսը։ Գիտությունը փաստերի և տրամաբանության աշխարհ է, որտեղ նախապաշարումներին տեղ պետք չէ լինի, սակայն պատմությունը մեզ հակառակն է ապացուցել։
Փետրվարի 11. օր, երբ գիտական հանրույթը խոնարհվում է կին գիտնականների անցյալի ու ներկայի ձեռքբերումների առջև։ Սա լավագույն պահն է ևս մեկ անգամ փաստելու, որ գիտական մտքի ու տաղանդի համար սեռը երբեք պատնեշ չէ։
Անցյալի և ներկայի միջև տարբերությունը տեսանելի է անզեն աչքով, սակայն այն ավելի խորն է, քան պարզապես համալսարան ընդունվելու թույլտվությունը։ Եթե անցյալում կին գիտնականը բախվում էր բացահայտ օրենսդրական արգելքների և նրա հաջողությունները հաճախ վերագրվում էին ամուսնուն կամ գործընկերոջը, ապա այսօր պատնեշները դարձել են «թափանցիկ»։ Մենք հաղթահարել ենք իրավական արգելքները, բայց դեռ պայքարում ենք հոգեբանական պատնեշների դեմ։ Այսօրվա աղջիկները դեռևս լսում են «սա տղամարդու մասնագիտություն է» կամ «աղջիկները թույլ են մաթեմատիկայից» արտահայտությունները։ Սրանք հայ իգական սեռի նոր սերնդի միտքը կաշկանդող ժամանակակից շղթաներ են։
Խտրականության բացառումը գիտության մեջ՝ մարդկության առաջընթացի միակ ճանապարհն է։ Երբ մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ աղջիկը, վախենալով չհասկացված լինելուց, վարանում է ընտրել ֆիզիկայի կամ ինժեներիայի ուղին, մենք զրկում ենք գիտությունը նորարար լուծումներից։ Ժամանակակից աշխարհի բարդ խնդիրները՝ կլիմայական փոփոխություններից մինչև արհեստական բանականություն, պահանջում են բազմակողմանի մտածողություն, որը հնարավոր չէ առանց կանանց լիարժեք ներգրավման։
Իրականում, գիտության մեջ կանանց ներգրավումը միայն «թիվ լրացնելու» կամ հավասարության հարց չէ։ Խնդիրն այն է, որ աշխարհը նայում է գիտությանը միայն «մեկ աչքով», երբ այնտեղ չկան կանայք։ Մենք բոլորս տարբեր ենք մտածում, տարբեր հարցեր ենք տալիս ու տարբեր խնդիրներ նկատում։
Պատկերացրեք մի իրավիճակ, երբ դեղամիջոցները կամ մեքենաների անվտանգության համակարգերը նախագծում են միայն տղամարդիկ և միայն տղամարդկանց համար։ Պատմությունը ցույց է տվել, որ նման դեպքերում կանանց առողջական կամ մարմնական առանձնահատկությունները պարզապես «դուրս են մնում» հաշվարկներից։ Կին գիտնականը լաբորատորիա է բերում իր փորձը, իր զգացողությունն ու այն հարցերը, որոնք տղամարդը գուցե երբեք չտա։
Գիտությունը նման է հսկայական գլուխկոտրուկի։ Եթե մենք թույլ ենք տալիս, որ այդ գլուխկոտրուկը հավաքի մարդկության միայն մի հատվածը, մենք երբեք չենք տեսնի ամբողջական պատկերը։ Կլիմայի փոփոխությունից մինչև նորագույն տեխնոլոգիաներ՝ մեզ պետք են բոլոր տեսակի ուղեղները, բոլոր տեսանկյունները։ Երբ աղջիկները մտնում են գիտություն, նրանք իրենց հետ բերում են նոր լուծումներ, որոնք մինչ այդ պարզապես «անտեսանելի» էին։
Ի վերջո, եթե մենք ցանկանում ենք լուծել աշխարհի ամենաբարդ խնդիրները, չենք կարող մեզ թույլ տալ օգտագործել մեր ընդհանուր ներուժի միայն կեսը։ Մեզ պետք են մյուս կեսի տաղանդը, համառությունն ու երևակայությունը ևս։
Մեր երկրում գիտնական կինը երբեք օտար երևույթ չի եղել, սակայն այսօր մենք թևակոխում ենք մի նոր փուլ։ Հայաստանը պատմականորեն ունեցել է կին փայլուն գիտնականներ՝ աստղաֆիզիկոսներից մինչև կենսաբաններ, ովքեր իրենց ավանդն են ներդրել թե՛ խորհրդային, թե՛ համաշխարհային գիտության մեջ։ Այսօր մեր լաբորատորիաներում և ՏՏ ընկերություններում ավելի ու ավելի շատ ենք տեսնում երիտասարդ աղջիկների, ովքեր չեն վախենում բարդ մարտահրավերներից։ Սակայն Հայաստանում դեռևս առկա է մի նուրբ խնդիր. հաճախ աղջիկները փայլում են դպրոցական կամ համալսարանական տարիներին, բայց առաջխաղացքի (կարիերայի) հաջորդ փուլերում բախվում են ընտանեկան ու հասարակական սպասելիքների «պատնեշին»։ Մեր երկրի առաջընթացի բանալին հենց այստեղ է՝ ստեղծել միջավայր, որտեղ հայ աղջիկը ստիպված չի լինի ընտրություն կատարել գիտության և անձնական երջանկության միջև։ Տեսնելով հայուհիների հաջողությունները միջազգային օլիմպիադաներում կամ գիտական դրամաշնորհներ ստանալիս, հասկանում ենք՝ մեր գիտական ապագան հուսալի ձեռքերում է, եթե միայն չխանգարենք հայուհիներին երազել ու ստեղծագործել։
Ուստի, փետրվարի 11-ը պարզապես օրացույցի հերթական ամսաթիվ չէ։ Սա հիշեցում է մեզ բոլորիս, որ գիտությունը սահմաններ, ազգություն և, առավել ևս, սեռ չունի։ Յուրաքանչյուր աղջիկ, ով այսօր առաջին անգամ ձեռքն է վերցնում մանրադիտակը կամ գրում է իր առաջին գիտական հոդվածը, պետք է իմանա՝ իր առջև բաց են բոլոր ճանապարհները։ Մենք պետք է դադարենք զարմանալ «կին ֆիզիկոս» կամ «կին ինժեներ» տեսնելիս և սկսենք պարզապես գնահատել այն միտքն ու եռանդը, որ նրանք ներդնում են աշխարհն ավելի լավը դարձնելու համար։