Գրքառատ կյանք

Անուշ Գասպարյան, Ծիլ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երևան, 2 մարտ 2025

Տարածված հարց է. «Ո՞րն է քո սիրելի տոնը»։ Ի պատասխան լսում ենք Ամանոր, Սուրբ ծնունդ, Զատիկ կամ գուցե ծննդյան տարեդարձի օր… Այս տարի ես մեծ բավականություն ստացա Գիրք նվիրելու տոնին, ավելի մեծ հաճույք, քան ստացել էի նախկինում, թեև չեմ կարող բացատրել, թե դա ինչի հետ է կապված։

Եվ հիմա սիրով կպատմեմ այս շատ գեղեցիկ տոնի մասին։

Գիրք նվիրելու օրը Հայաստանում նշվում է փետրվարի 19-ին` Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը։ Օրը պատահական չէ ընտրված, դա Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, իսկ Մեծ Հայը ինքն էլ մեծ սեր ուներ գրքեր նվիրելու։ Այդ մասին շատ հետաքրքրական պատմություն կա, որ ինձ պատմել են Դսեղում` Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում. Թումանյանը ոչ ոքի չէր մերժում, երբ իրենից գիրք էին խնդրում։ Դրա համար էլ իր աշխատասենյակի գրապահարանների ապակիները ծածկել էր թղթով, որպեսզի հյուրերը գրքերը չտեսնեն ու չխնդրեն։

Տոնը մեր միջավայր մտել է 2008 թվականին՝ այդ պահին Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ։ Տարեցտարի այս տոնը ավելի մեծ տարածում է ձեռք բերում․ եթե նախկինում նշվում էր գրականագետների, հայոց լեզվի մասնագետների շրջանում, հիմա նա արդեն անբաժան մասն է գրեթե բոլորիս։ Տոնի մոտակա և տոնին հաջորդող օրերին, ինչպես և բուն օրը՝ փետրվարի 19-ին, կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, գրական հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ, գրախանութներում գրքերը վաճառվում են տասնյակներով…

Ո՞րն է այս տոնի նպատակը։ Անշուշտ, նա նպատակ ունի հասարակության շրջանում զարգացնել ընթերցասիրությունը, գրքեր նվիրելու մշակույթը։ Տոնը ավելի համակարգված է դարձել նորարարական լուծումներով․ օրինակ, տարբեր խմբերում` աշակերտական, ուսանողական, մասնագիտական և այլն, սկսել են խաղալ «Գաղտնի Թումանյան» խաղը, որի ընթացքում վիճակահանությամբ որոշվում է, թե մասնակիցներից ով ում է գիրք նվիրելու (մինչև նվիրելը որևէ մեկը չի իմանում, թե ո՞վ է լինելու իր գաղտնի «Թումանյանը»)։

Այս տարի մեծ բավականությամբ պատրաստվեցի այդ օրվան։ Ոչ միայն ինքս ընտրեցի գրքեր իմ մտերիմների համար, այլև ընկերներիս օգնեցի ընտրել իրենց գրքերը։ Ինքս իմ մասին էլ չմոռացա ու իմ անձնական գրադարանն էլ հարստացավ նոր անուններով։

Հենց փետրվարի 19-ին եղա «Բարձունք»-ում։ Սա կրթական մի շարժում է, որի անդամ եմ նաև ինքս։ Յուրաքանչյուր չորեքշաբթի կազմակերպվում են թեմատիկ բանախոսություն-քննարկումներ` Հայոց երկրի կյանքի որևէ երեսակին առնչված (Հայոց երկրի մասին ավելին կարելի է կարդալ Բարձունքի պաշտոնական կայքէջում` bardzunk.am)։ Մշակութային երկրի շրջանակներում ունեցանք հանդիպում-քննարկում ժամանակակից գրող, Հայաստանի գրողների միության արձակի բաժնի ղեկավար, գրական բազմաթիվ մրցանակների դափնեկիր Ալիս Հովհաննիսյանի հետ։ Զրույցի թեման հայ ժամանակակից արձակն էր։ Տիկին Հովհաննիսյանը խոսեց ինչպես հայ նորագույն գրականության դասականներից (Չարենց, Բակունց, Մահարի), այնպես էլ ավելի ուշ շրջանի ստեղծագործողներից և իր գրչընկերներից։ Որպես գրականագետ խորհուրդ տվեց ընթերցել այդ հեղինակների ստեղծագործությունները, դրանք համեմատեց համաշխարհային մեծ հռչակ վայելող հեղինակների գործերի հետ։ Ըստ տիկին Հովհաննիսյանի` մեր հայրենական երկերի գրական արժեքը չի զիջում, հաճախ նույնիսկ գերազանցում է համաշխարհային գլուխգործոցներին։

Ի դեպ, այս հանդիպումները տեսագրվում են։ Դրանք կարելի է դիտել «Բարձունքի» յութուբյան էջում։

Անցած ամսի գրքային հաջորդ տոնը մի արժեքավոր գրքույկի լույսընծայումն էր կրկին «Բարձունքի» կամավորների համատեղ ջանքերով։ Դեռ մեկ տարի առաջ մեկնարկեց «Գրքարար» նախաձեռնությունը։ Միտքը հետևյալն է՝ մեկմեկու գրքեր նվիրելիս, նվեր գրքի համար վճարում ես այնքան, ինչքան ինքդ կցանկանաս, բայց գումարը պետք է փոխանցել ոչ թե նվիրողին, այլ նախաձեռնության հաշվեհամարին։ Գոյացած միջոցները ուղղվելու էին Ամենայն հայոց պարապետ Գագիկ Գինոսյանի հիշատակին նվիրված գրքի ստեղծմանը։ Մեկ տարվա երկար ու հետևողական աշխատանքի շնորհիվ այսօր մեր սեղանին է առաջին տպաքանակը, որը վաճառքի ենթակա չէ և տրամադրվելու է այն կառույցներին, որտեղ երիտասարդներն ու պատանիները ըստ արժանվույն կմոտենան այս գրքին։ Գրքի էջերում ամփոփված են ընկեր Գինոսյանի կենսագրությունը, նրա մտքերն ու խորհուրդները, այն մեծերի ստեղծագործությունները, որոնք մեծ դեր են ունեցել նաև հենց իր` Գագիկ Գինոսյանի կյանքում։ Բնականաբար անդրադարձել ենք նաև պարերին. «Արարատյան Մարդը» գրքում ներառված է 12 ազգային պարի նկարագրությունը, որը տրամադրել է «Կարին» հայ ավանդական մշակույթի ուսումնասիրության և հետազոտման գիտական կենտրոնը։ Ինչպես տեղին մեջբերեց մեր ընկերներից մեկը, սա մեր պարտքը չէր, այլ սրբազան իրավունքը։ Աշխատանքների ընթացքի ու աջակիցների մասին շատ երկար չխոսելու համար, ընթերցողին պարզապես կհրավիրեմ «Բարձունքի» համացանցային էջեր։

Ամփոփելով նշեմ, որ այս տարվա փետրվար ամիսն իսկապես գրքային էր և շատ հագեցած։ Ես իմ հոդվածում չխոսեցի Երևանում ու մարզերում կազմակերպված բազմաթիվ, ոչ պակաս հետաքրքրական, գունագեղ ու համով-հոտով միջոցառումների մասին։ Սակայն վստահ եմ, որ գրքասերներն անցած ամիս հոգեպես ավելի են հարստացել։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like