Սամվել Հովասափյան, Բեռլին, 12 Սեպտեմբեր 2020
Վերջին ժամանակներս ավելի լսելի, այո՛, տագնապալի են դարձել Հայաստանի և սփյուռքի՝ հեղափոխությանը սատարող քաղաքական գործիչների, վերլուծաբանների կոչերը՝ ուղղված անձամբ վարչապետին՝ Պարոն Նիկոլ Փաշինյանին, վերջապես համարձակ քայլեր անել, անցյալում իշխանական աթոռ զբաղեցրած այն անձանց դեմ, ովքեր իրենց պաշտոնը չարաշահել են, բազմապիսի հանցագործություններ կատարելով, դիզել են անհաշիվ հարստություն։
Սակայն առայժմս այդ կոչերը մնում են անպատասխան։
Արդյունքը՝ այդ ուժերը համախմբվելով, իրենց հին լծակները գործի դնելով և նախկինի պես ապօրինի հրահանգներ տալով իրենց իսկ ստեղծած և ինչպես երևում է՝ անձեռնմխելի դատաիրավական համակարգին, փորձում են հեղափոխության հունը շեղել, այն խեղաթյուրել, խուճապահարել զանգվածներին, պատեհ առիթի հակահարվածի անցնելու համար։ Չէ՞, որ նույն ընթացքն են ունեցել բոլոր հեղափոխությունները:
Որքան էլ զարմանալի է, վերոհիշյալ կոչերը չլսելու են տալիս ներկայիս զարմանալիորեն կրավորական, անտարբեր, թող թույլ տրվի ասել՝ կաշկանդված, անդամալույծ դարձած իշխանությունները, որի հետևանքով գնալով ճեղքված է առաջանում նրանց ոչ միայն հայաստանաբնակ, այլև արտերկրում բնակվող հայության համախմբված շարքերում և լռելյան հիասթափությունն է սողոսկում այնտեղ։ Դա ցավալի է։
Մյուս կողմից մենք օրեցօր համոզվում ենք, այո՛, գիտակցում, որ պետք չէ այդքան շուտ ոգևորվեինք հարգարժան Վարչապետի հայրենադարձության և ներդրումներ անելու կոչերից։ Վերջին երկու տարվա փորձը ցույց է տալիս, որ ներկայիս դատաիրավական համակարգով անհնար է այդ ծրագրերը իրագործելու համար ստեղծել նպաստավոր նախադրյալներ, որոնք նախկինի նման մնալու են միայն կոչեր։
Ահա, թե՝ ինչո՞ւ։
Վերջերս, «Զարթոնք» օրաթերթի սեպտեմբեր 9-ի համարում Քրիստինա Աղալարյանը Երևանից հաղորդում է լիբանանաբնակ եղբայրներ՝ Արա և Մհեր Տագեսյանների ոդիսականի մասին։ Նրանք Հայաստան են գնում ներդրում անելու նպատակով և իրենց ծրագրերը գործադրելու համար, փնտրում են ու Ֆրիկ գյուղի հարակից վայրերում գտնում են համապատասխան հողատարածքներ, պտղատու այգիներ մշակելու համար։ Պարզվում է, որ այդ հողերի սեփականատերը տխրահռչակ՝ Մանվել Գրիգորյանն է։ Պետական համապատասխան մարմինները ստուգելով փաստաթղթերը, եղբայրներին վստահեցնում են, որ ոչ մի արգելք չկա և փաստաթղթերը օրինական են։ Եղբայրները գնում են իրենց ընտրած հողամասը։ Հետո պարզվում է, որ Ֆրիկ գյուղի եզդի համայնքը հավակնում է, որ Մանվել Գրիգորյանը ապօրինի և պարտադրված աճուրդի միջոցով, փաստորեն բռնազավթել է իրենց համայնքին պատկանող այդ հողատարածքները, ինչը որ մեծ հավանականությամբ համապատասխանում է ճշմարտությանը։
Բոլորովին անհասկանալի է, վհատեցնող, որ այսօր հեղափոխական Հայաստանում Տագեսյան եղբայրները և Ֆրիկ գյուղի եզդի համայնքը, անսպասելիորեն, և ոչ իրենց մեղքով, դարձել են հակառակորդներ։ Կասկածից վեր է, որ կողմերը հին հանցավոր իրավակարգի և ներկայիս կառավարության անհասկանալի անվճռական պահվածքի հերթական զոհերն են, ո՛չ առաջինը և ո՛չ էլ վերջինը:
Որքանով, որ մենք, աշխարհասփյուռ հայությունը, նախկինի նման հավատով ենք լցված դեպի նոր իշխանությունները, սակայն հասկանալ չենք կարող, չենք էլ ուզում, որ Քոչարյանների, Սարգսյանների, Մանվելյանների և նման ընտանիքների ապօրինի և հանցավոր մեթոդներով դիզված ունեցվածքները անձեռնմխելի են, իրենք ազատության մեջ և նախկինի պես վայելում են իրենց հանցավոր արարքների պտուղները, իսկ նրանց հերթական անմեղ զոհերը պետք է տեսնեն, թե ինչպես իրենք այդ նախկինների ստեղծած և արդեն իսկ նեխած դատաիրավական համակարգում պաշտպանելու են իրենց իրավունքն ու շահերը։
Այս դեպքում ակնառու է, որ պետական համապատասխան մարմինները անթույլատրելի սխալներ և բացթողումներ են կատարել և նրանք էլ պետք է ուղղեն իրենց սխալները։ Հենց միայն այն իրողությունը, որ այդ տարածքները գրանցված են եղել հանցագործ Մանվել Գրիգորյանի անունով, կարևոր նախադրյալ էր, որ նրանք, զգոն լինեին և խոշորացույցի տակ առնեին գրանցված փաստաթղթերը։ Մտահոգիչ է, որ այսօրինակ հաղորդումները եզակի չեն․․․
Դաշնային Գերմանիայի փորձը կարող է Հայաստանի իշխանությունների համար լավ օրինակ ծառայել՝ ապագայում նման տհաճ և անցանկալի դեպքերից խուսափելու համար, բայց դրա համար հեղափոխական ցանկություն է պետք, որի համար նախ և առաջ պետք է երկրում մեկուսացնել այն ուժերին, որոնք խանգարում են հեղափոխական ընթացքին, ստեղծել առողջ և անկաշառ դատաիրավական համակարգ։[*]
[*] Մինչև վերջերս, երբ նախկին Դեմոկրատական Գերմանիայում որևէ անշարժ գույք վաճառքի էր դրվում, կամ ժառանգներ էին ի հայտ գայլիս որևէ գույքի պահանջով, ապա նախորոք քննվում էին դրանց փաստաթղթերի ձևավորման ընթացքը, թե ֆաշիստական կարգերից առաջ դրանց սեափականատերերը ովքեր են եղել, ե՞րբ և ի՞նչ մեթոդներով են դրանք վերավաճառվել, գրանցվել նոր սեփականատերերի անունով։
Նկարը կը ներկայացնէ Հայաստանի Եզիտիներու տաճարը՝ խոշորագոյնը աշխարհի մէջ: