Վահե Արսեն, Երևան, 8 Փետրվար 2022
Մինչ հայ հասարակությունը քննարկում էր Մորգենշտերնի համերգը և Հայաստանում հնարավոր ամեն ապրանքի թանկացումը, թուրք-ադրբեջանական զույգը (տանդեմը) հաղթական ավարտին է հասցնում Հայաստանի տնտեսական և աշխարհաքաղաքական ոչնչացման շախմատային մի նոր մեքենայություն (կոմբինացիա): Շախմատային այս մեքենայությունը անվանենք թուրք-ադրբեջանական գամբիտ: 2021 թ.-ի դեկտեմբերի սկզբներին հայտարարվեց, որ Իրանը, Ադրբեջանն ու Վրաստանը համաձայնության են եկել կյանքի կոչելու տարանցումային (տրանզիտային) այլընտրանային ճանապարհ, որը Պարսից ծոցը կկապի Սև ծովին: Այս նորությունն այդքան ողբերգական չէր լինի Հայաստանի համար, եթե չլիներ հետևյալ նախապատմությունը…
Նման ճանապարհային միջանցքի կառուցման հիմքերը դրվեցին 2000-2002 թթ.-երին և տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունները, որոնց մի մասն ավելի ուշ միացավ նախաձեռնությանը, պետք է մասնակցեին այս ծրագրին: Իսկ 2021 թ.-ի ապրիլի 19-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքում տարածեց հաղորդագրություն, ըստ որի` «ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ «Պարսից ծոց-Սև ծով միջազգային փոխադրամիջոցների (տրանսպորտային) միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագիծը բանակցելու նպատակով փորձագետների 5-րդ հանդիպումը՝ առկա և հեռավար ձևաչափերով։ Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Վրաստանի, Հունաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունները»։ Հանդիպման ավարտին էլ ստորագրվել էր արձանագրություն, որով նախատեսվում էր «Պարսից ծոց-Սև ծով միջազգային փոխադրամիջոցների միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագիծը և քննարկումներն ավարտին հասցնելու նպատակով փորձագետների մյուս հանդիպումն անցկացնել Բուլղարիայի հանրապետությունում։ Իսկ ավելի ուշ` 2021 թ.-ի նոյեմբերին Հայաստանում Իրանի դեսպանատունը «Արմենպրես» լրատվական գորակալությանը հայտնել էր, որ` «Պարսից ծոց – Սև ծով տարանցիկ միջանցքի գաղափարը կարող է հաստատվել մասնակից երկրների` Սոֆիայում կայանալիք հաջորդ հանդիպման ընթացքում»: Այդ ժամանակ անվանվել էին նաև նախագծին մասնակցող պետությունները` Իրան, Հայաստան, Վրաստան, Հունաստան և Բուլղարիա: Իրանի դեսպանատունը նաև հայտարարել էր, որ հանդիպմանը բացակայել է Ադրբեջանի հանրապետությունը, ինչից մերձիշխանական լրատվամիջոցներն ու քաղաքական շրջանակները թևեր էին առել և միաբերան բարձրաձայնում էին, որ Ադրբեջանը կարող է դուրս մնալ տարածաշրջանային բացառիկ կարևորություն ունեցող այս նախագծին մասնակցելուց, իսկ Հայաստանը վերջապես դառնում է աշխարհքաղաքական կարևորություն ունեցող տարանցիկ պետություն:
Այս սպասվող գործընթացի մասին դեռևս 2016 թ.-ի դեկտեմբերին «Հետք» կայքում մանրամասն ուսումնասիրություն է հեղինակել տնտեսագիտության դոկտոր, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Աշոտ Եղիազարյանը` գալով այն եզրահանգման, որ` «Հաջողության դեպքում այդ նախագիծը Հայաստանը և Վրաստանը կդարձնի կարևոր տարանցումային տարածքներ և կնպաստի նրանց տնտեսությունների աճին: Հայաստանի համար այն նշանակում է նաև թուրք-ադրբեջանական շրջափակման ավարտ: Քանի որ նախագիծը շրջանցում է Ռուսաստանը, ապա թուլացնում է վերջինիս ազդեցությունը Սև ծովում ու տարածաշրջանում, ինչը Հայաստանի համար լավ հնարավորություններ է ստեղծում եվրոպական համարկման (ինտեգրման) ուղղությամբ»:
Պարսից ծոց-Սև ծով այլընտրանային միջանցքը, որն անցնելու էր Հայաստանով շրջանցելու էր ոչ միայն Թուրքիան, այլև` Ռուսաստանը: Հենց այս համատեքստում էլ կարելի է հասկանալ ադրբեջանական զորքի նպատակադրված ու շեշտակի առաջխաղացումը Կապան-Գորիս ճանապարհահատվածի ուղղությամբ, և վերոգրյալ ռազմական ներխուժման հանդեպ ռուսական կողմի տարօրինակ լռությունը: Սակայն, բացարձակ անհասկանալի ու տարակուսելի է Հայաստանի ռազմական գերատեսչության անգործությունը և իշխանությունների անթաքույց համաձայնությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զորքի հետ քաշման պատասխանատվությունն իր վրա վերցրեց, ճանապարհի այդ հատվածներն անվանեց ադրբեջանական տեղանունով, իսկ հետո էլ անհասկանալի տրամաբանությամբ ճանապարհը չտալը հակակաշռեց Մեղրիի «միջանցք» տալ-չտալով, որի մասին ինչպես հենց ինքն էր փաստում եռակողմ հայտարարության մեջ ակնարկ անգամ չկար` «Խոսքը Էյվազլիի հատվածի մասին է: Հիմա կարող է այլ հարց ծագել` իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր. հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար»: Իսկ սրան հետևած մեկ այլ տրամաբանական հարցին, ըստ որի, եթե սահմանազատում և սահմանագծում դեռ չի արվել, իսկ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ համաձայնագրով զորքերը պարտավոր էին մնալ իրենց տեղերում, ապա ինչո՞ւ է մեր զորքը զիջել ռազմավարական ճանապարհը, արդեն պատասխանեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` «Հասկանալի է, որ սահմանագծման և սահմանազատման գործընթաց մենք չենք անցել, բայց մոտավոր մենք ունենք պատկերացում այդ սահմանի, որի հիմքը 1920-ական թվականների քարտեզն է, և այդ քարտեզի հիման վրա մենք պատկերացնում ենք ընդհանուր առմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը»: Այս պատասխանը ևս զուրկ է որևէ տրամաբանությունից: Ինչպես կարելի է «մոտավոր պատկերացում»-ով առաջնորդվելով թշնամուն հանձնել ռազմավարական ճանապարհ, սրան գումարած նաև այն հանգամանքը, որ տարբեր քարտեզներով սահմանային գիծը լիովին տարբեր է, իսկ Հայաստանի ղեկավարությունն ուղղակի պարտավոր էր առաջ տանել պետության համար բացառիկ ռազմավարական ճանապարհը պահպանելու բոլոր հնարավոր և անհնարին տարբերակները, և ոչ թե պատճառաբանություններ և արդարացումներ գտներ այն հնարավորինս արագ ադրբեջանական կողմին հանձնելու համար: Իսկ ինչ վերաբերում է Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2, ապա այդ ճանապարհը ոչ միայն դժվար հաղթահարելի անգամ արտաճանապարհային, սակայն փոքր մեքենաների համար, այլև գրեթե անանցանելի է մեծ և կցորդիչով բեռնատարների համար և որևէ կերպ չի կարող միջազգային չափանիշները բավարարող և անվտանգ ճանապարհ լինել: Հենց այստեղ պետք է առաջանա շատ բնական հարց. վերջապես, ո՞ւմ կողմից են ներկայիս ՀՀ իշխանությունները… ո՞րն է Հայաստանի շահը… ո՞վ է այդ շահի պաշտպանը… ու էլի մի հարց. ինչո՞ւ է արհեստականորեն ձգձգվում Հյուսիս-հարավի ավտոճանապարհի հայաստանյան մասի կառուցումը, ինչն արդեն նմանվում է առհասարակ ծրագրի վիժեցման:
Եվ դիվային այս շղթան ավարտենք հենց Մորգենշտերնով (դրանով էլ սկսել էինք), և ընթերցողին հայտնենք, որ սատանայական մշակույթը հրաշալի յուրացրած այս երգիչը, որը դեմքին կրում է «666» դաջվածքը և իր երգերում լայնորեն գովազդում մարդկային բոլոր արատներն ու սեռական բնազդների իրագործման բոլոր հնարավոր տարբերակները, մեծ հասարակական աղմուկի պատճառով կարող է Հայաստան չգալ` անգամ համերգից ամիսներ առաջ 6-30.000 դրամ արժողությամբ բոլոր տոմսերի սպառված լինելու պարագայում:
Իհարկե, աղոտ հույս է արթնացնում, որ վոկալային ջանքեր գործադրող սատանիստ երգիչը, որի մուտքը մի շարք երկրներ ուղղակի արգելված է, իր ոտնահետքերը չի թողնի քրիստոնեության բնօրրան համարվող Հայաստանի հողի վրա, սակայն մետաղադրամը նաև հակառակ կողմ ունի. նրա տոմսերը մինչև վերջ սպառած հասրակության անդամներն ապրում ու «արարում են» մերօրյա Հայաստան աշխարհում…