Ինքնության մասունքների ոտնահետքերով

ԿԳՄՍ փոխնախարարներ Ալֆրեդ Քոչարյան, Արթուր Մարտիրոսյան, նախարար Հակոբ Արշակյան և այլք

Նառա Դանիելյան, Երևան, 24 դեկտեմբեր 2023 

Դեկտեմբերի 20-ին Հայաստանի պատմության թանգարանում բացված ժամանակավոր ցուցադրությունը նվիրված է մեր հայրենիքի Գարդման, Շիրվան և Նախիջևան տարածքների մշակութային բարձրարժեք ժառանգության ներկայացմանը։ «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագիրը կրող նոր ցուցադրությունը կազմակերպվել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հետ համատեղ։

Միջոցառման բացման իր խոսքում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն պարոն Դավիթ Պողոսյանը նշեց, որ ցուցադրությունում ներկայացված հնագիտական, ազգագրական, փաստավավերագրական եզակի նմուշները մեզ համար այսօր մասունքային նշանակություն ունեն, քանի որ այդ տարածքներում այլևս դժվար է գտնել հայկական հետք․ «Փորձել ենք թանգարանի հարուստ հավաքածուից և գործընկերների նյութերից առանձնացնել մի հետաքրքիր ընտրանի, որը պատմում է ինչպես այս տարածքների մեր հայրենակիցների ստեղծած մշակութային փառավոր ժառանգության, այնպես էլ դրանց մասունքային նշանակության մասին, որովհետև, ցավոք, այդ տարածքներում հայկական հետքը կա՛մ ոչնչացվել է, կա՛մ աղավաղվել»։

Ցուցադրությունում տեղ գտած շուրջ չորս տասնյակ ինքնատիպ նմուշներն ընդգրկում են պատմական քարտեզներ, միջնադարյան կոթողներ, գորգեր, զարդեր, լուսանկարներ և մի շարք այլ արժեքավոր նմուշներ՝ հնարավորություն ընձեռելով պատկերացում կազմել դարերի ընթացքում հայոց հայրենիքի վերոնշյալ տարածքներում հայ ժողովրդի ստեղծած հարուստ մշակույթի մասին։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի խոսքով, ցուցադրության նպատակն է ներկայացնել հայկական տարածքների պատմամշակութային ժառանգությունը, որը հարյուրամյակների ընթացքում իրենց բնօրրանում կուտակել են Գարդմանում, Շիրվանում և Նախիջևանում ապրած մեր հայրենակիցները, ինչպեսև բարձրաձայնել ու միջազգային հանրության ուշադրությունը սևեռել այդ տարածքներից հայերի բռնի տեղահանման խնդրի և նրանց թողած հսկայական ժառանգության վրա․ «Երկուստեք՝ Հայաստանի պատմության թանգարանի և «Գարդման-Շիրվան-Նախիջևան» միության նախաձեռնությամբ կազմակերպեցինք այս ցուցադրությունը, և հույս ունենք, որ նմանատիպ ցուցահանդեսները շարունակական են լինելու»,– հավաստիացրեց պարոն Գաբրիելյանը։

Գարդմանում, Շիրվանում, Նախիջևանում լայն տարածում է ունեցել հատկապես գորգագործությունը։ Նախիջևանի գորգերն աչքի են ընկնում գույների բազմազանությամբ, թելերի լավ մանվածքով, Շիրվանի գորգերը՝ թելերի նուրբ մանվածքով, իսկ Գանձակի ու Գարդմանի գորգերը՝ երկայնաձիգ հորինվածքով և խորանաձև պատկերով։

Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանն էլ իր խոսքում հատկապես ընդգծեց․ «Ցուցադրել ենք եկեղեցական-քրիստոնեական մշակույթը ներկայացնող եզակի նմուշներ, ունենք նաև Ջուղայից փրկված և դեռևս խորհրդային տարիներին Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխված խաչքար։ Հազարավոր խաչքարեր Ջուղայում հիմնահատակ ոչնչացվեցին: Այսօր երկու ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, թե քանի՞ օրինակ է փրկվել։ Դրանցից մեկը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում»։

Ելույթով հանդես եկավ աշխարհագրագետ, քարտեզագետ Ռուբեն Գալչյանը, ում հավաքածուից որոշ քարտեզներ ներկայացված են ցուցադրությունում։

Ցուցադրության պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը և Արթուր Մարտիրոսյանը, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորներ, պաշտոնական անձինք, մշակույթի գործիչներ և արվեստասերներ։

Ցուցադրությունը առաջիկա ամիսներին բաց կլինի այցելուների առաջ։

«Գեղարդ»-ի սիրելի՛ ընթերցողներ․

Թող գալիք տարին ու նրան հաջորդող բոլոր տարիները հայի ու Հայաստանի համար լինեն Հայրենիքի սեղմված սահմանները ազատագրելու հնարավորության տարի, ամենայն հայկականի հաղթանակի տարի։ Թող որ լուրերը բոլոր ավետեն Հայոց աշխարհի Նոր արշալույսի, վերազարթոնքի, վերարթնացումի մասին։ Եղիցի լո՛ւյս անմար…

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Նառա Դանիելյան

* * * * *

Խմբ. ծանոթ. 

Մեր համոզումով, ցուցադրության խորագիրը սխալ է և անընդունելի: Հայոց հայրենիքի որեւէ տարածքի կորստի հետ բացարձակապես չենք կարող հաշտվել: Հայաստանի որևէ մասի կորուստը մենք հիմնովին չենք ընդունում: Հիմա որ թշնամին գրավել է ամբողջ Արցախը, շուտով Արցախն էլ համարելու-հայտարարելու ենք կորուսյա՞լ: Բայց չէ՞ որ թշնամու ուզածն էլ հենց ա՛յդ է: Որևէ արժեքի կորուստը լինում է վերջնական, երբ կորցնողը ի՛նք է համոզվում որ դա կորցրել է: Մեզ համար, հայկական գերիշխանության տակ չգտնվող հայրենական տարածքները գրավյալ տարածքներ են և մեր ու գալիք սերունդների պարտքն է դրանց ազատագրումը, հայությամբ վերաբնակեցումն ու ծաղկեցումը:

 

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like