Անուշ Գասպարյան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երևան, 29 հուլիս 2024
Արդեն 21-րդ տարին է, ինչ Հայաստանում անցկացվում է «Ոսկե ծիրան» փառատոնը` կինոտոն քննադատների, լրագրողների, բեմադրիչների (ռեժիսորների), դերասանների, արվեստագետների… բոլորի համար, ովքեր այս կամ այն կերպ առնչություն ունեն կինոյի աշխարհի հետ: Այս տարի փառատոնն անցկացվեց հուլիսի 7-ից 14-ը: Մեկ շաբաթ հյուրերը հնարավորություն ունեցան ոչ միայն դիտելու միջազգային մրցույթներում մրցանակային տեղեր գրաված ֆիլմեր, այլև շփվելու այդ ֆիլմերն ստեղծած թիմերի անդամների հետ, իմանալու նրանց պատմությունները, ապրումները, հաղթահարած դժվարությունները…
Նախկինում երբեք ներկա չեմ եղել փառատոնին, սակայն այս տարի որոշեցի բաց չթողնել հնարավորությունը և մի գեղեցիկ երեկո ես էլ հարյուրավոր հյուրերի հետ հայտնվեցի Երևանի Կինոյի տանը: Շենքի մուտքի մոտ առաջացած բզզոցն ու անցուդարձը հուշում էին, որ բոլորն անհամբեր են, պատրաստ են գնալու դահլիճ և դիտելու փառատոնի հերթական գլուխգործոցը:
Այդ օր դահլիճը Էդգար Բաղդասարյանինն էր, ավելի ստույգ` նրա «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» շարժանկարինը: Ֆիլմը հայ-ռուսական համատեղ արտադրության ողբերգակատակերգություն է, «Անահիտ» մրցանակաբաշխության ընթացքում արժանացել է «Լավագույն բեմադրիչ», «Լավագույն բեմագրություն (սցենար)», «Լավագույն նկարահանող (օպերատոր)», «Լավագույն հնչյունային ձևավորում» և այլ պարգևների: Գլխավոր դերերում Մայիս Սարգսյանն ու Մաքսիմ Վիտորգանն են:

Մինչ կդիտեինք ֆիլմը, Էդգար Բաղդասարյանը հակիրճ անդրադարձավ ֆիլմի գաղափարի ծննդոցին, հիմնական մտքին, դերասանների ընտրությանը, սակայն իր խոսքով նա ոչ թե հուշումներ տվեց ու բացեց ֆիլմի էությունը, այլ է՛լ ավելի մեծացրեց հետաքրքրությունը:
Բաղդասարյանն իր խոսքում հնչեցրեց մտորումների մղող մի միտք. «Ֆիլմը ժամանակի մեքենա է»: Ես կլայնացնեի այս միտքը և կասեի՝ «Արվեստն ինքնին ժամանակի մեքենա է»: Կրտսեր եղբայրս ինձ հաճախ է հարցնում գրականության նշանակության մասին՝ ինչո՞ւ պիտի կարդանք ու արտասանենք ինչ-որ մեկի գրածը, մանավանդ եթե գրվել է մի քանի դար առաջ : Կարծում եմ, թե արվեստի գործը պիտի, նվազագույնը, արտացոլի այն ժամանակաշրջանը, երբ արարվել է, այդպիսով մեզ տեղափոխի տասնամյակներ, հարյուրամյակներ, հազարամյակներ առաջ: Այլ բան է արվեստի գաղափարախոսական-դաստիարակչական գործառույթը: Այս դեպքում, այն կարող է անգամ ապագա հասցնել:
Այո՛, համաձայն եմ, ֆիլմը ժամանակի մեքենա է, և այս ֆիլմը բացառություն չպետք է լիներ:
Բայց ոչ: Հասկացա, որ նա բացառություն է, որովհետև ժամանակի մեքենա է ժամանակի մեքենայի մեջ: Այստեղ ներկայացված է Հայաստանի անկախության շրջանը, սակայն գլխավոր կերպարը՝ Յակով Մատվեևիչը, շարունակում է ապրել Խորհրդային Հայաստանում: Նա չի ընդունում ժամանակակից ճարտարապետությունը, ժամանակակից բժշկությունը, ժամանակակից սովորույթները… ամեն բան, որ ստեղծվել է հետանկախական տարիներին: Ֆիլմում ներկայացված է նաև սերունդների բախումը․ Յաշայի զավակները հետ չեն մնում ոչնչից, փորձում են համոզել նաև իրենց հորը գոնե առողջությունը վստահել ժամանակակից բժշկությանը, ապրել առանց ցավերի, ապրել առանց սահմանափակումների… Բայց նա «զարգացումը» այնպիսի համառությամբ չի ընդունում, որ մտովի վերադարձել է Խորհրդային Հայաստան, կոմունիստ առաջնորդներին է տեսնում իր տեսիլքներում, շփվում նրանց հետ, հաշվի նստում նրանց կարծիքի հետ, իր կողքին ապրող մարդկանց հետ հարաբերվելիս հիշում կոմունիզմին իր տված խոստումներն ու երդումը՝ կապիտալիզմի դեմ: Այդ տեսիլքներից ամենից շատ հավանեցի այն դրվագը, երբ մի խումբ պատմական կերպարներ՝ կոմունիստ առաջնորդներ ամբողջ աշխարհից, պարում են հայկական ազգային Կարնո քոչարին: Բոլորս գիտենք՝ սա պար է հայոց պայքարող ոգու, միասնության մասին: Ճիշտ է, կոմունիզմը մի գաղափարախոսություն է, որը կրողները, կարելի է ենթադրել, թե միասնական են, բայց այդպես չէ, քանի որ կապիտալիստական աշխարհում էլ միասնություն չկա: Ֆիլմում այս պարի սիմվոլիզմը սահմանափակվում է Յաշայի գլխում կապիտալիզմի դեմ կոմունիստական գաղափարների միավորումով:

Երևի ճիշտ կվարվեմ Յաշայի կերպարը համեմատելով ներկայիս Հայաստանի Հանրապետության բնակչի կամ հայրենաբնակ հայ մարդու հետ: Վերջինս հասել է 21-րդ դարի երրորդ տասնամյակ, բայց դեռ պատրաստ չէ դարի մարտահրավերները դիմագրավելու: Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը, այո՛, առաջ է Խորհրդային Հայաստանից, բայց հավասար չէ ժամանակակից երկրներին: Մենք հետևողի, ոչ թե թելադրողի դերում ենք: Սա երբեք չի նշանակում, որ պետք է մոռանալ անցյալը, փակել մեր պատմության բոլոր էջերը: Ո՛չ: Սա նշանակում է, որ պետք է ըմբռնել այն ամենը, ինչ գրված է մեր պատմության գրքի նախորդ էջերում, որպեսզի հնարավոր լինի շարունակել պատումը, չընդհատել միտքը, այն շարունակել տրամաբանական կետից, այնտեղից, որտեղ կանգ ենք առել մենք և ընթերցողը: Երկար վեպերը ծրագիր են պահանջում: Ավարտը կանխատեսել գուցե չկարողանանք, բայց արժե մի քանի գլուխ նախապես պատկերել: Այդպես թե՛ մենք ուղեգիծ կունենանք, թե՛ ընթերցողը չի ձանձրանա:
Այս ֆիլմն օգնում է ևս մեկ անգամ մտորելու անցյալ-ներկա-ապագա շղթայի ներքին կապի մասին, հասկանալ, որ ներկան անցյալի շարունակությունն է: Շատ քիչ բան կարող է կատարվել ներկայում, որ անցյալում երբևէ չի եղել, պարզապես պետք է պրպտել, ուսումնասիրել, վերլուծել: Պատմությունն ավելի հեշտ է քննել հետադարձ հայացքով, քան այստեղ ու հիմա հրատապ որոշում կայացնել: Դե, գուցե վերջապես քննենք և ամրագրե՞նք այն տեսական որոշումները, որ պետք է կայացնեինք անցյալում՝ ավելի բարեկեցիկ ներկայի համար, որպեսզի ներկայում կայացրած որոշումներով կառուցենք բարեկեցիկ ապագա:
*****