Ճատրակային (շախմատային) քայլերի ժամանակն է

Մարգարիտա Կրտիկաշյան, Երևան, 22 փետրուար 2025

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վերջերս հայտարարեց, որ Մոսկվան աջակցում է «3+3» ձևաչափով միջխորհրդարանական հանձնաժողովի ստեղծման գաղափարին, ինչը կարող է հանգեցնել Հարավային Կովկասի երեք պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համագործակցությանը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հետ։ Այս նախաձեռնությունը, որը պաշտոնապես ձևավորվել է 2021 թվականին, նպատակ ունի տարածաշրջանային դերակատարների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ ստեղծել նոր հարթակ, որը կնպաստի փոխգործակցության և խնդիրների կարգավորմանը։ Սակայն Վրաստանը հրաժարվում է միանալ այս ձևաչափին՝ Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների պատճառով։

2023 թվականի հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացավ արտգործնախարարների «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը, որին Վրաստանը կրկին չէր մասնակցել։ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի ունեցավ հերթական հանդիպումը, սակայն այն չառաջացրեց ձևաչափի զգալի աշխուժացում։ Հանդիպումից հետո որևէ պաշտոնական հայտարարություն չեղավ, սակայն նոյեմբերին Մոսկվայում ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ընդգծեց, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն առանց արտաքին ուժերի միջամտության՝ ակնարկելով Արևմուտքի ներգրավվածությունը։

Ռուսաստանը բացահայտորեն հայտարարում է, որ Արևմուտքը Կովկասում ավելորդ խաղացող է, և տարածաշրջանային հարցերը պետք է կարգավորվեն ներպետական ու ներտարածաշրջանային ջանքերով։ Մոսկվայի ու Երևանի հարաբերությունները վերջին շրջանում լարված են, բայց ռուսական կողմը շարունակում է եռանդով առաջ տանել «3+3»-ի գաղափարը, ինչը կարող է սահմանափակել Արևմուտքի ազդեցությունը Հայաստանում և տարածաշրջանում։

Սերգեյ Լավրովի խոսքով՝ տարածաշրջանային հարցերի լուծման համար «3+3»-ը ամենաարդյունավետ ձևաչափն է։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի` հայ-ադրբեջանական գործընթացին միջամտելու փորձերը միայն բարդացնում են իրավիճակը։ «Երբ մեր տարածաշրջանից, նրա ավանդույթներից ու պատմությունից հեռու գտնվող երկրները հայտարարում են, որ ապահովելու են Սյունիքի անվտանգությունը, հարցեր են առաջանում։ Օրինակ՝ ես այնքան էլ չեմ հասկանում, թե Եվրամիության առաքելությունը ինչպե՞ս կարող է նման խնդիր կատարել»,– նշել է Լավրովը։

Թուրքիան և Ադրբեջանը «3+3» ձևաչափը դիտարկում են որպես տարածաշրջանում իրենց քաղաքական օրակարգը առաջ տանելու նոր հնարավորություն։ Այս ծիրում ակնհայտ է նրանց նպատակը՝ ապահովել «Զանգեզուրի միջանցքը», սահմանափակել Հայաստանի ինքնիշխանությունը և պարտադրել իրենց պայմանները։

Հայաստանի մասնակցությունը «3+3»-ին կարող է ձևավորել տարածաշրջանային նոր իրականություն, սակայն երկիրը կանգնած է բարդ ընտրության առաջ՝ կա՛մ միանալ այս կազմվածքին (մեխանիզմին)՝ գործակցելով Մոսկվայի պայմաններով, կա՛մ դա մերժել՝ բախվելով Անկարայի և Բաքվի ճնշումներին։

Հայաստանը պետք է չափազանց հաշվենկատ լինի իր քաղաքական որոշումներում՝ գիտակցելով, որ յուրաքանչյուր քայլ ունի երկարաժամկետ հետևանքներ։ Քաղաքականությունը նման է Ճատրակի (շախմատի). ամեն քայլը պետք է լինի հաշվարկված, քանի որ տվյալ օրինակում սխալը կարող է արժենալ ոչ միայն մեկ հավաքույդ (պարտիա), այլև ՀՀ-ի ապագան։

Այսօր Հայաստանի իշխանությունները կանգնած են ծանր որոշումներ կայացնելու անխուսափելիության առաջ։ Սակայն քաղաքականության մեջ ոչ թե ճնշումներին ենթարկվողն է հաղթում, այլ նա, ով սառնասրտորեն հաշվարկում է իր քայլերը։

Ճատրակի (շախմատի) խաղն արդեն սկսված է, և ժամանակն է մտածված քայլերի…

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

“Keep Turkey on Our Side …”

The Zoryan Institute    PRESS RELEASE FOR IMMEDIATE RELEASE                                                          CONTACT: Deborah Hay DATE: January 8, 2014                                                                     TEL: 416-250-9807 “Keep…
Read More