Երեւանէն ցաւակցութեան խօսք Գալիֆորնիոյ հրդեհին առթիւ

Վահրամ Աղաջանյան. Արցախահայ լրագրող, Երևան, 9 Յունոար 2025

Արցախահայությունը տագնապով և մեծ ցավով է ընդունել Կալիֆոռնիայում մեր քույրերին ու եղբայրներին պատուհասած բնական աղետի ողբերգական լուրը: Սա այն դեպքն է, երբ ասում են «Դժբախտությունը մենակ չի գալիս». վերջին տարիների վիշտերն ու զրկանքները քիչ էին մեզ համար, հիմա էլ տարերային արհավիրքը։ Չնայած արցախցիների սոցիալական ծանրագույն վիճակին, այժմ քննարկվում են ԱՄՆ-ում մեր հայրենակիցներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու զանազան տարբերակներ։

Այստեղ իրենց խոսքը պետք է, իհարկե, ասեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որոնք պարտավոր են օգնել նեղության մեջ հայտնված մեր քույրերին ու եղբայրներին։ Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը կայծակնային արագությամբ է արձագանքել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին՝ հաշված օրերի ընթացքում շռայլ օգնություն ցուցաբերելով թուրք քաղաքացիներին։ Թուրքական մեկնաբանները նույնիսկ զարմացել էին թե Փաշինյանի՝ Թուրքիային օգնելու արագությունից, թե օգնության առատությունից։

Հուսանք, որ նույն արագությունը Փաշինյանը կցուցադրի նաև Կալիֆոռնիայի հայ բնակչությանը աջակցելու հարցում։ Անձամբ ես դա քիչ հավանական եմ համարում, հաշվի առնելով ՀՀ իշխանությունների այն ստորացուցիչ վերաբերմունքը, որին մինչ օրս արժանանում են ամեն ինչ կորցրած արցախցիները։ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չի օգնում արցախցիներին, այլև այս տարվա մարտից գրեթե զրկում է նրանց նույնիսկ այն ողորմությունից, որը տրվում էր մինչև վերջերս, ստիպելով մեր հայրենակիցներին բռնել գաղթի ճամփան։ Ամեն դեպքում՝ հայ հասարակությունը պետք է ստիպի ՀՀ ղեկավարությունը նույն սրտացավությունը ցուցաբերի Կալիֆոռնիայի հայերի հանդեպ, որը նա ցուցաբերեց Թուրքիայի բնակիչների նկատմամբ։

Միացյալ Նահանգների մեր հայրենակիցներին մաղթում ենք արիություն, տոկունություն և ոգու ամրություն այս դժվարին օրերին: Արցախցիները աղոթում են ձեզ համար և հավատում, որ մեր եղբայրներն ու քույրերն առաջիկայում կհաղթահարեն այս արհավիրքի հետևանքները։ Աստված ձեզ պահապան։

Տատյանա Դարբինյան, Երևան, 9 Յունոար 2025

Սիրելի՛ հայրենակիցներ,
Խորը ցավով ենք հետևում Կալիֆորնիայում տեղի ունեցող ավերիչ հրդեհների մասին լուրերին։ Անասելի ծանր է տեսնել, թե ինչպես են մեր համայնքի անդամները կանգնած նման փորձությունների առջև։ Չգիտենք, թե ինչպես կարող ենք օգնել այս պահին, բայց գիտակցում ենք ձեր ապրումների խորությունը։
Ձեր ցավը մերն է, և մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Մաղթում ենք, որ արագ լուծումներ գտնվեն և իրավիճակը կայունանա։ Միշտ ձեր կողքին ենք մեր մտքերով ու աղոթքներով։

Գէորգ Նաթալի (Եազըճեան), պատմաբան, Երեւան, 9 յունուար 2025

Հայրենիքէն խոր ցաւով եւ մտահոգութեամբ կը հետեւինք Գալիֆորնիոյ ահաւոր հրդեհներու լուրերուն։ Մեր սիրտերը բոլոր վնասուողներուն, յատկապէս մեր ազգակիցներուն հետ են այս ծանրագոյն պահին։

Այս անգամ մեզ հարուածեց բնութիւնը։ Պատմութենէն գիտենք սակայն, որ մեր ազգը միշտ ալ տոկացած է մարդկային ու բնութենական արհաւիրքներուն, մոխիրներէն յարութիւն առած փիւնիկի նման եւ ստեղծած իր նոր, յաճախ նախկինէն աւելի բարւօք կեանք մը։

Կը զօրակցինք աղէտեալ մեր ազգակիցներուն եւ կ՛աղօթենք, որ այս արհաւիրքը վերջ գտնէ շուտով, եւ բոլորս մէկ սիրտ, մէկ հոգի՝ հասնինք կարօտեալներու օգնութեան։

Հայերս ունինք ժողովրդային ասացուածք մը՝ «Յոյսը վերջինն է մեռնում»։ Ես այս միտքը չեմ ընդունիր։ Հայուն համար՝ յոյսի մահ չի կրնար ըլլալ։ Յոյսը, հայուն նման, անմահ է ու յաւերժական։

Կարեկցութեամբ եւ աղօթակցութեամբ՝
Գէորգ Նաթալի (Եազըճեան)
պատմաբան, Երեւան, 9 յունուար 2025-ի առտու

Նառա Դանիելյան, Երեւան, 10 Յունոար 2025

Ահավոր տարերային, աննախադեպ աղետը այս անգամ էլ չշրջանցեց հայերիս… բազմաթիվ են վնասները` թե նյութական, թե բարոյական։ Ամենօրյա լուրերը հույս են ներշնչում, որ պետությունը (ԱՄՆ) գոնե կմեղմի առաջացած ֆինանսական խնդիրները։

Մեր ուժերի ներածի չափով առաջարկում ենք մեր աջակցությունը մեր հայրենակիցներին և հույս հայտնում, որ այս մղձավանջը շուտով կավարտվի։

Այս էլ կհաղթահարենք` Հային տրված մի վերջին (անսպառ) ուժով։

*****

 

3 comments
  1. Ահավոր տարերային, աննախադեպ աղետը այս անգամ էլ չշրջանցեց հայերիս… բազմաթիվ են վնասները` թե նյութական, թե բարոյական։ Ամենօրյա լուրերը հույս են ներշնչում, որ պետությունը (ԱՄՆ) գոնե կմեղմի առաջացած ֆինանսական խնդիրները։

    Մեր ուժերի ներածի չափով առաջարկում ենք մեր աջակցությունը մեր հայրենակիցներին և հույս հայտնում, որ այս մղձավանջը շուտով կավարտվի։

    Այս էլ կհաղթահարենք` Հային տրված մի վերջին (անսպառ) ուժով։

    Նառա

  2. Գէորգ Նաթալին մխիթարելու տեղ աւելի ցավ կը պատճառէ […]
    Հայ ազգը, մոխիրներէն երբեք յարութիւն չառաւ և ոչ ալ աւելի բարւոք կեանք մը ստեղծեց այլ միայն հազիւ կաղալով, տառապելով և ձուլուելով քիչ մըն ալ դիմանամ ըսաւ:

  3. Քալիֆորնիայի հրդեհների բուն սկզբնապատճառը այնտեղ բնակուող հայե՞րն են։ Աստուած (կամ Բնութիւնը կամ Նախախնամութիւնը) մինչեւ ե՞րբ, մինչեւ ո՞ւր պիտի հալածէ այս բազմաչարչար ցեղը։ Փախուստ տալով Համիտեան Ջարդերէն, Մեծ Եղեռնէն, Հսմայնավարներէն, Պոլիսէն, Գահիրէյէն, Պարսկաստանէն, Պէյրութէն ու Հալէպէն, Անկախ Հայաստանէն ու կախեալ Արցախէն…հասնել ապահով երկիր, խնամակալ պետութիւն, յանկարծ հանդիպելու նոր արհաւիրքի, հրդեհների, … (Ծանօթ. Ալասկա նահանքում հրդեհների վտանգ Չկա)։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like