Բաց նամակ՝ ՀՀ-յան վարչապետ Պարոն Փաշինյանին

Վահագն Վիշապաքաղ

Բաց նամակ՝

ՀՀ-յան վարչապետ Պարոն Փաշինյանին
ՀՀ-յան ԱԺ-ի Իմ Քայլը խմբակցության անդամներին

Մեծարգո Պարոն Փաշինյան,

Հարգելի Հայրենակիցներ,

Լրատվական տեսերիզների միջոցով տեղեկացա, որ ձեր կառավարությունը դրական է տրամադրված մեծահարուստ՝ Գագիկ Ծառուկյանի մտադրության իրագործմանը, այն է՝ Հիսուսի, հավանաբար մեծ արձանը տեղադրել Հայաստանում։ Պարոն Փաշինյանը հաղորդելով այդ մասին, պատճառաբանում է, որ այն խթան կհանդիսանա զբոսաշրջության (տուրիզմ) զարգացմանը․․․

Երեք հիմնավոր պատճառներ կան նման մտադրության դեմ։

Առաջին․ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է այդպիսով իր անվան հետ կապված բացասական տրամադրությունները հասարակության շրջաններում հնարավորինս շտկել, շահել հավատացյալների  համակրանքը, որը չի կարելի թույլ տալ։ Այն անձը, ով ինչ-ինչ զարտուղի ճանապարհներով անհաշիվ հարստացել է ու չի խորշում այն ցուցադրելով, ով չի դատվել ու բանտարկվել  բռնաբարության պատճառով, չպետք է հնարավորություն ստանա իր շորթած դրամներով հավատացյալի ու բարերարի անուն գնել իր համար․․․ Բացի այդ, ցավալի է նկատել, որ Հայաստանի իշխանությունները ակամայից մի մարդու թակարդն են ընկնում, որին որոշ գիտակներ Դոդի Գագո են անվանել ու ցանկանում են ժողովրդին ետ տանել դեպի կռապաշտության։ Անզորությունից ցանկանում ես ընդվզել ու գոչել․

Մեղա՜, մեղա՜ հայ ժողովրդին․․․

Երկրորդ․ անցյալում այնքա՜ն եկեղեցիներ, վանքեր, սրբավայրեր են կառուցվել Հայաստանում ու ցավոք դեռ կառուցվում են։ Դրանցից ո՞ր մեկը օրհասական պահին փրկություն բերեց հավատացյալներին։ Ազգակործան էր մեր նախնիների հիմնովին՝ կրոնին, եկեղեցաշինությանը ու նման կառույցներին անմնացորդ նվիրվելը, զլանալով դրանց փոխարեն երկրի պաշտպանությունը կազմակերպել, հզոր բանակ, անառիկ սահմաններ ստեղծել․․․

Ի՛նչ խոսք, շատ է գրվել, խոսվել այդ մասին, բայց ապարդյուն, որովհետև այսօր էլ դեռ այն շարունակվում է․․․

Ե՞րբ են Հայաստանի պետական այրերը ավելի հեռուն մտածելու և քանի դեռ ուշ չէ՝ որոշում․

Որ՝ ժամանակի հրամայական պահանջն է․

Արգելել նոր եկեղեցիների, բոլոր տեսակի կրոնական կառույցների կառուցումը, նաև սփյուռքից եկած խնդրանքների, ցանկությունների ու նվիրատվությունների պարագայում ու բոլոր այդ դրամական միջոցները հատկացնել բանակաշինության համար․․․

Այլապես ո՛վ գիտի, թե հաջորդ պարտությունը ինչպիսին է լինելու․․․

Երրորդ․

Ինչ որ տուրիզմի զարգացմանն է վերաբերում։ Եվրոպական մի շարք երկրների օրինակը բավականին խոսուն փաստարկ է դրա դեմ։ Այսօր՝ Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Թուրքիան ու Հունաստանը լայնածավալ զբոսաշրջային երկրներ են դարձել, այո՛, ժամանակավոր ստեղծվել են աշխատատեղեր, հոսել են ինչ որ չափով տուրքեր, դա մեդալի մի երեսն է, մյուս երեսը՝ տուրիզմը այդ երկրների, մանավանդ գյուղի ու հասարակ ժողովրդի երիտասարդության համար դարձել է մեծագույն չարիք, ահա թե ինչո՞ւ։

Գյուղերի ու քաղաքների հասարակ ժողովրդի երիտասարդությունը, ովքեր զբոսաշրջության ոլորտում հեշտ ու մասնագիտություն չպահանջող պայմանների բերումով, չեն ձգտում մասնագիտանալ, լքում են գյուղերը, դառնում են մատուցողներ, հյուրանոցների, խաղատների ու տարբեր ժամանցի վայրերի աշխատողներ, օտարների, դրամատերերի քմահաճույքները բավարարող՝ ծառայողներ․․․ Խորքում տուժում են և՛ իրենք և՛ երկիրը․․․ Արդյունքը՝ լքված գյուղեր, թույլ զարգացած, ոչ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների երկրներ․․․ Չպետք է դժվար լինի ավելի խորը ուսումնասիրել այդ երկրներում զբոսաշրջության լայնածավալ վնասներն ու այնքան էլ չոգևորվել ու չտրվել զբոսաշրջության զարգացումով․․․

Սամվել Հովասափյան

Բեռլին, հուլիս 2022

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Նոր Մարտահրաւէրներ

Ոսկան Մխիթարեան, Լոս Անճելըս,  18 Մայիս 2018 Սահմանադրութեան մեծ յաղթանակի տօնակատարութիւնները վերջացան եւ հիմա կը կանգնինք դէմ յանդիման…
Read More